Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած պահանջագիրը վկայում է Կոնգրեսի մարտավարության փոփոխության մասին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 9-ին հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Ըստ նրա, այն, որ Կոնգրեսը 15 կետից բաղկացած պահանջագիր է ներկայացնում եւ ասում, որ դրանց զգալի մասի լուծման դեպքում պատրաստ է երկխոսել, դա նշանակում է դիրքորոշման մեղմացում:
Մյուս կողմից, «Ժառանգության» պատգամավորի խոսքով, նույն պահանջագրում ներկայացված է հրաժարականների մի ամբողջ շարք, ինչպես նաեւ արտահերթ ընտրությունների մասին բանակցելու առաջարկ: «Այս կետերի ամրագրումը մի տեսակ փակուղային իրավիճակ են ստեղծում»,-նկատեց Սաֆարյանը:
Ասուլիսին ներկա մեկ այլ պատգամավոր` ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը նկատեց, թե ընդդիմությունն իր զինանոցում միշտ էլ ունենում է արդարացի պահանջներ, բայց չպետք է դրանք ուլտիմատումի ձեւով ներկայացնել: Ըստ պատգամավորի՝ իշխանությունը պետք է լուծի հասարակությանը մտահոգող խնդիրները, որոնք արտահայտվում են ընդդիմության շուրթերով՝ անկախ այն բանից, թե ո՞ր ընդդիմադիր ուժն է այդ մասին բարձրաձայնում: «Ես կարծում եմ, որ հարցերը դրական կլուծվեն, եթե երկխոսություն լինի: Երկխոսությունը կապված է իշխանության եւ ընդդիմության ղեկավարության միջեւ պայմանավորվածության հետ»,-նկատեց Հարությունյանը:





























