Դեբեդի պատվարի շինարարական աշխատանքների իրականացման համար պատվարի 2/3-ն արդեն ջրազրկվել է: Ակնկալվում է, որ մինչ գարնանային վարարումներն աշխատանքները կավարտվեն, իսկ պատվարի մյուս հատվածի վերակառուցումը կիրականացվի արդեն ամռանը, երբ ջրի մակարդակը կնվազի:

Այս մասին նշվել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի այսօր՝ մարտի 9-ին Տավուշի մարզ կատարած այցելության ժամանակ:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետը մարզպետ Ա. Ղուլարյանի, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի, «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանի ուղեկցությամբ այցելել է Նոյեմբերյանի եւ Աչաջուրի պոմպակայանների,  Դեբեդի պատվարի (որն ապահովում է Նոյեմբերյանի պոմպակայանի ջրառը) վերակառուցման շինհրապարակներ:

Աչաջուրի պոմպակայանում շինարարական աշխատանքներն ավարտվել են, վերազինումը եւս հիմնականում կատարված է: Որոշակի մալուխային աշխատանքներից հետո այն պատրաստ կլինի շահագործման: Նոյեմբերյանի պոմպակայանի աշխատանքների հիմնական մասը` մոտ 75 տոկոսը, արդեն կատարված է, զուհագեռ իրականացվում է վերազինումը: Պատասխանատուները վստահեցրել են, որ այն պատրաստ կլինի մինչ ոռոգման նոր շրջանի սկիզբը: