Հայաստանի կառավարության մարտի 3-ի նիստում որոշվել է որպես տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում լիազոր եւ ազգային համակարգող մարմին ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ) նշանակել: Այդ որոշումը բազմաթիվ բանավեճերի առիթ է հանդիսացել, քանի որ «տեղեկատվական անվտանգություն» ասելով պետք է հասկանալ նաեւ ինտերնետի վերահսկողությունը, ինչը կարող է գրաքննության վերածվել:
Կառավարության ընդունած նոր որոշման վերաբերյալ NEWS.am- Ինովացիայի թղթակիցը փորձեց մեկնաբանություն ստանալ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանից։ Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն վերահսկում է պետական սեգմենտը, ինչը նորմալ է եւ անգամ դրական:
«Երեւի թե բոլորիս էլ դուր չի գալիս, երբ որ մենք կարող ենք մտնել ինչ-որ պետական կայք եւ տեսնել վրան ադրբեջանցի հակերների գրառումները, ինչպես դա նախկինում լինում էր։ ԱԱԾ-ի վերահսկողությունը հենց նման դեպքերին են վերաբերում»,-ասաց Ս. Մարտիրոսյանը։ Ինչ վերաբերում է մասնավոր սեգմենտին, ապա, փորձագետի խոսքով, դրա վերահսկողության համար հսկայական ռեսուսներ են անհրաժեշտ։
«Աշխարհում ոչ մի պետություն, ոչ մի երկիր հնարավորություն չունի ամբողջ ինտերնետ սեգմենտը պաշտպանել»,-ասաց Ս. Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ պետությունը տեխնիկապես կարող է որոշակի սահմանափակումներ կիրառել, սակայն Հայաստանում դեռեւս նման բան չի արվում։ Նման փորձ գրանցվել է միայն 2008թ. մարտին՝ կապված քաղաքական զարգացումների հետ։
«Թեեւ այդպիսի բան եղել է 2008 թ. մարտին, եւ գործնականում ԱԱԾ-ին դրա համար պետք չէ կառավարության այս որոշումը»,-ասաց Ս. Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ 2008 թ. մարտին արգելափակվեցին մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում այն էլեկտրոնային լրատվամիջոցները, որոնք գործում էին .am տիրույթում։ Սակայն տեղեկատվական անվտանգության տեսանկյունից դա խիստ բացասական հետեւանքներ ունեցավ, քանի որ Հայաստանից կտրուկ աճեց ռուսալեզու ադրբեջանական կայքեր այցելողների թիվը:




























