Մարտի 3-ին ոստիկանները օրինաչափ են գործել եւ որեւիցե խախտում թույլ չեն տվել: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին կառավարության դիմաց լրագրողների ու քաղաքացիների ներկայությամբ հայտարարել է Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, անդրադառնալով մարտի 3-ին ոստիկանների ու «Ժառանգության» պատգամավորների միջեւ տեղի ունեցած միջադեպին:
«Ես ոստիկաններին պաշտպանելու եմ իմ բոլոր հնարավորություններով եւ թույլ չեմ տա որեւիցե մեկն անկախ իր զբաղեցրած դիրքից հասարակության մեջ իմ ոստիկաններից մեկին վիրավորի: Էլ չեմ խոսում անձնական վիրավորանքի մասին: Իսկ եթե մարդիկ իրենց անձեռնմխելիությամբ են որոշում հանդես գալ, թող չմոռանան, որ դրա դիմաց իմ ոստիկաններն էլ արժանապատվություն ունեն, որ իրենց անձեռնմխելիությունից ոչ մի բանով պակաս չեն, մի բան էլ ավել են: Իրանց անձեռնմխելիությունը թող պահեն իրանց»,- ասել է Ալիկ Սարգսյանը:
Հարցին, թե արդյոք տեսե՞լ է տեսանյութերը, ոստիկանապետը պատասխանել է. «Իհարկե, տեսել եմ եւ շատ նյարդայնացել, որ կարող ա սենց պահի իրան Ազգային ժողովի պատգամավորը: Դա շատ վատ ա»:
Ինչ վերաբերվում է այդ դեպքի կապակցությամբ վարչապետի զանգին, ոստիկանապետն ասել է. «Վարչապետը զանգել է եւ մենք ուսումնասիրության արդյունքում նորմալ վերլուծել ենք ամբողջ իրողությունը, ինչ-որ կատարվել է կառավարության շենքի դիմաց: Դրանից հետո, ես խորհրդակցություն եմ հրավիրել եւ գտնում եմ, որ ոստիկանները գործել են իրավաչափ, այլ հրահանգ ես նրանց չեմ տվել եւ չեմ տալիս»:
Այդ միջադեպի մասնակից, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի այն հարցին, թե ծառայողական քննությունսկսե՞լ եք, Սարգսյանը պատասխանել է. «Նորից եմ կրկնում, կատարվել է համապատասխան ուսումնասիրություն եւ օպերատիվ խորհրդակցությունում քննարկվել է հարցը: Ձեր հարցին ընդհանրապես չեն ուզում պատասխանեմ, ափսոս սկսեցի խոսել Ձեր հետ»:
«Ես ծառայողական քննություն կատարում եմ էն դեպքում, երբ որ հանգամանքները տանում են դրան, երբ խախտում է կատարվել, որը պատժելի արարք ենք համարում: Իսկ էն դեպքում, երբ ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ ոստիկանների գործողությունը օրինաչափ է եղել, եւ մեզ ներկայացվեց ամբողջ տեսագրությունը, մենք քննարկել ենք եւ գտել, որ նման վերաբերմունքի պարագայում ոչ իրավաչափ որեւէ գործողություն չեն կատարել: Չի կարելի ոստիկանին վիրավորել, թույլ չեմ տա ոչ մեկին անկախ ձեր պատգամավորական մանդատներից: Ձեր մանդատները այլ նպատակի ծառայեցրեք, ոչ թե երկրի զինանշանը գլխարկի վրա կրող մարդուն էս տիպի խոսքեր ու այլանդակ վերաբերմունք ցույց տվեք»,- հայտարարել է Հայաստանի ոստիկանապետը:
Հիշեցնենք, որ մարտի 3-ին կառավարության շենքի մոտակայքում ոստիկանների եւ պատգամավորների միջեւ բախում է տեղի ունեցել: Ըստ ցուցարարների, մոտ 40 ոստիկաններ` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ, հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, քաշքշել ու հարվածներ հասցրել: Ոստիկանները չեն խնայել նաեւ կանանց: Ռոբերտ Մելքոնյանն անձամբ քաշքշել է Զարուհի Փոստանջյանին, իսկ ՀԱԿ-ի անդամ Վարդգես Գասպարին գետնին են տապալել, բռնություն կիրառել ու բերման ենթարկվել ոստիկանություն:
Քաշքշոցի հետեւանքով, վատացել է մի կին, ում շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել «Շտապօգնության» մեքենան, որի մեջ կտրուկ վատացել է Անահիտ Բախշյանի վիճակը եւ բժիշկները առաջին օգնություն են ցուցաբերել նրան:





























