Հայաստանի մարզերում հայոց լեզվի համար վտանգավոր իրավիճակ է ստեղծվել: Այս մասին ապրիլի 22-ին ԱԺ-ում «Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի գործունեության մասին» հաշվետվությունը ներկայացնելիս ասաց կառույցի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Հակոբյանը նշեց, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համաձայն՝ հեռուստածրագրերի 55 տոկոսը պետք է լինի հայրենական արտադրության, սակայն գրեթե բոլոր մարզային հեռուստաալիքները այս դրույթին չեն հետեւում, եւ սա անգամ այն դեպքում, որ «հայրենական արտադրություն» ձեւակերպումը նախատեսում է ոչ միայն սեփական արտադրության հաղորդումներ, այլեւ ցանկացած հրապարակում, որը թարգմանվում է հայերենի: «Եթե խոշոր հեռուստաընկերություններն ինչ-որ չափով հետեւում են այս օրենքին, ապա  մարզայինների դեպքում իրավիճակը, չեմ վախենա այս բառն օգտագործելուց, անմխիթարական է»,- ասաց Հակոբյանը:

Նա դժգոհեց, որ որոշ մարզային հեռուստաընկերությունների ծրագրերի ավելի քան 90 տոկոսը հեռարձակվում է ռուսերենով: Այդուհանդերձ, Հակոբյանի խոսքով, ՀՌԱՀ-ում հասկանում են, որ մարզային հեռուստաընկերությունները ֆինանսական միջոցներ չունեն սեփական հաղորդումներ ստեղծելու կամ դրանք թարգմանելու համար: