«Այն աժիոտաժը, որ առաջ եկավ հարեւան Ադրբեջանում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի Ֆրանսիա կատարած այցի կապակցությամբ, վկայում է, որ կատարվել է ճշգրիտ ու հեռանկարային քայլ։ Վերջին 1,5 տասնամյակում թեպետ աշխարհի առաջատար երկրներում ստեղծվել են ԼՂՀ դիվանագիտական ներկայացուցչություններ, բայց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը աստիճանաբար հայտնվել է Ղարաբաղյան բանակցային գործընթացի ողջ բեռն իր վրա վերցրած Հայաստանի ստվերում, ինչից էլ վարպետորեն օգտվել է ադրբեջանական կողմը։
Ուստի բավական էր գոնե մի անգամ հիմնավորապես խախտել այս տխուր ավանդույթը եւ կազմակերպել ԼՂՀ նախագահի այցը Փարիզ, որպեսզի Ադրբեջանում «իրար խառնվեն»՝ բացահայտելով, մի կողմից, սեփական անհանգստությունը, մյուս կողմից՝ «փաստարկումների» սնանկությունը»,-գրում է թերթը` շարունակելով. «Ունենալով անթերի իրավական-քաղաքական փաստարկներ, ԼՂՀ ղեկավարությունն այլեւս «տանը նստելու» իրավունք չունի. պետք է շարունակի ակտիվ շփումները աշխարհի տարբեր երկրների մայրաքաղաքներում։
Պատերազմական վտանգի ուժեղացման պայմաններում այդ շփումների գլխավոր նպատակը պետք է դառնա ինքնորոշված ազգի վրա կախված պատերազմի միջոցով ցեղասպանության սպառնալիքին հակադարձելու գործուն միջոցը՝ ԼՂՀ միջազգային ճանաչման հիմնախնդիրը»։





























