Հայաստանի ազատազրկման վայրերում գտնվող տասնյակ դատապարտյալներ հայտարարել են, որ եթե իրենց պահանջները հաշվի չառնվեն, իրենք հաջորդ շաբաթվանից բողոքի ակցիաներ կսկսե, մասնավորապես` հացադուլ կհայտարարեն:
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ֆրանսահայ Սարգիս Հացպանյանն այսօր՝ մարտի 11-ին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ ավելի քան հարյուր դատապարտյալներ օրերս նամակ են ուղարկել արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ հիշեցրել 45 օր առաջ նրա այցելության ժամանակ քննարկված հարցերը:
«Մենք ուզում ենք փակ ռեժիմից բաց ռեժիմ տեղափոխվելու իրավունքից օգտվել, ուզում ենք պայմանական-վաղաժամկետ ազատման իրավունքից օգտվել, եւ ուզում ենք նաեւ կարճաժամկետ մեկնելու` 5-7 օր արձակուրդի իրավունքից օգտվել: Սա է եղել պահանջը», - ասել է Հացպանյանը:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարը հունվարի վերջին այցելել էր մի շարք ՔԿՀ-ներ: «Վարդաշեն» ՔԿՀ-ում նա առանձնազրույց էր ունեցել Սարգիս Հացպանյանի հետ ՔԿՀ-ում դատապարտյալների իրավունքների խախտումների թեմայով: Նախարարն առաջարկել է իրեն գրավոր տեղեկացնել «կատարվող բոլոր իրավախախտումների մասին»:
Հացպանյանը հավելել է, որ դատապարտյալները պահանջներ են հասցեագրել նաեւ եվրոպական կառույցներին: «Մենք պահանջում ենք Եվրոպայի համազեկուցողներից, որպեսզի Հայաստանի արդարադատության համակարգում պարտադրվի օրենքների կիրառումը», - ասել է Հացպանյանը` մեկնաբանելով, թե օրենքը կա, իրավունքը կա` բայց չի կիրառվում:




























