ՀՀ քաղաքացին նախ պետք է լինի իրավատեր, ինչպիսին այսօր կա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ խոսելով քաղաքացու օրվա մասին։
«Սակայն մենք մի բան պետք է մեզ համար պարզորոշ դարձնենք՝ քաղաքացին ունի իրավունքներ, բայց նաեւ պարտականություններ, այսինքն՝ երբ մենք խոսում ենք կարգուկանոնի մասին, խոսում ենք մեր շրջապատի նկատմամբ վերաբերմունքի մասին, այդ ամենը քաղաքացու մոտեցումների մասին։ Այսօր քաղաքացին պետք է օգնի իրեն եւ իշխանություններին, որ կուտակված էներգիան ուղղորդվի պետականության կայացմանը։ Մենք պետք է մեր քաղաքի նկատմամբ վերաբերմունք փոխենք, մեր համայնքի նկատմամբ։ Քաղաքացիական հասարակությունն այն ինստիտուտն է, որը պետք է դառնա կռվան եւ հենարան իշխանության համար»։
Դիտարկմանը, որ քաղաքացու տոնը հենց անկախության տոնն է, երբ մարդը դարձավ քաղաքացի, Պապիկյանն ասաց. «Քաղաքացին իրավունք ունի ունենալ մի շարք տոներ, այդ թվում՝ պետականության տոն, անկախության տոնը ինձ համար պետականության տոնն է, քաղաքացին բնականաբար այդ պետականության կրողն ու մի մասնիկն է, հեղափոխությունը ցույց տվեց, որ քաղաքացին իրավունք ունի իր հաղթանակի ամսվա օրերից մեկը տոնել ազատ իր համայնքում շրջելով, ըմբոշխնելով այն դրական մթնոլորտը, որ ձեւավորել է հեղափոխությունը»
Հարցին՝ թե անհրաժեշտ չէ՞ր արդյոք հանրային քննարկում անել, հասկանալ, քաղաքացին ուզում է որ այս տանին այդքան գումար հատկացվի, գուցե քաղաքացին ուզում էր, որ այդ գումարը ուղղվեր սոցիալական խնդիրների լուծմանը, Պապիկյանը պատասխանեց. «Դուք խոսում եք այն մարդկանց մասին, որոնք քննադատում են իշխանության ցանկացած գործողություն։ Այդ մարդիկ քննադատում էին նաեւ, երբ մենք կոչ էինք անում ՀՀ քաղաքացիներին՝ դուրս գալ եւ պաշտպանել իրենց իրավունքները։ Այսօր էլ բան չի փոխվել այդ անձանց համար։ Իրենք էլ ՀՀ քաղաքացիներ են եւ այս տոնը յուրաքանչյուրի տոնն է, ով իրեն համարում է ՀՀ իրավատեր քաղաքացի։ Յուրաքանչյուրը յուրովի կարող է վերաբերել իր այդ իրավունքին։ Նախկին իշխանության ներկայացուցիչները չեն ուզում իրենց քաղաքական ուժի եւ ղեկավարի պարտությունը նշանավորվի որեւէ տոնով։ Մենք դա չենք անում, թյուրընկալում կա, սա նրանց պարտության օրը չէ, սա ՀՀ քաղաքացու օրն է։ Քաղաքացին այս տոնը տոնելու է նաեւ այն ժամանակ, երբ մենք իշխանություն չենք լինի։ Սա քաղաքական ուժերի պարտության կամ հաղթանակի մասին չէ, սա այն մասին է, որ իշխանությունը ՀՀ–ում պատկանում է ժողովրդին»։





























