Մտացածին խոսակցություններ են։ NEWS.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը մամուլի այն հրապարակումներին, թե նրա հրաժարականը կապված է եղել ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալության հետ, քանի որ ինքը հավաստիացրել է, որ ոչ մի խնդիր հայկական կողմից համար չի առաջացնի այդ քայլը։

«Այն, ինչ հայտարարել եմ պաշտոնից հեռանալու ժամանակ, հիմա էլ հայտարարում եմ, ավելացնելու ոչինչ չունեմ, մտացածին խոսակցություններ են»,–ասաց նա։

Հարցին՝ հիմա հասցնո՞ւմ է բավականաչափ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, Խառատյանը դրական պատասխանեց։ «Այո, տեսեք տղաս ու աղջիկս վազվազում են։ Հիմնականում Թբիլիսիում ենք լինում, բայց այսօր առիթ եղավ նաեւ այստեղ լինել»,–ասաց Երեւանում Քաղաքացու օրվան նվիրված հանրային քննարկմանը մասնակցող Խառատյանը։

Հիշեցնենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ Յուրի Խաչատուրովի աղմկահարույց պատմության կիզակետում գտնվողներից մեկն էլ Խառատյանն է, եւ նա է վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվել ձերբակալել Խաչատուրովին՝ առանց ՀԱՊԿ անդամներին տեղյակ պահելու՝ վստահեցնելով, որ խնդիրներ չեն ծագի, եւ հետո էլ մենք հնարավորություն կունենանք գլխավոր քարտուղարի նոր թեկնածու առաջադրել: Դրանից բացի՝ Մոսկվայի համար Խառատյանը համարվում է ամերիկյան լրտես, եւ չեն ցանկանում, որ եղբայրական Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդականը նման մարդ լինի: