10 մարդ մահացել է անհայտ հիվանդությունից Հումլա շրջանում, որը գտնվում է Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից 450 կիլոմետր արեւմուտք, տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում կատարելով տեղական իշխանություններին։

«Հիվանդությունը հայտնաբերվել է հիմնականում ծերերի եւ երեխաների մոտ»,- նշել է շրջանի ղեկավարը։ Նրա խոսքով՝ ավելի քան 200 մարդու մոտ ի հայտ են եկել անհայտ հիվանդության ախտանշաններ, որը գրանցվել է անցած շաբաթ մի քանի գյուղերում։ Վերջին տվյալներով՝ հիվանդությունից մահացել է 10 մարդ։

«Բժիշկները բուժօգնություն են ցուցաբերում վարակվածներին։ Մենք կարծում ենք, որ շուտով իրավիճակը կվերահսկենք»,- ասել է շրջանի ղեկավարը։ Բժիշկները անալիզներ են վերցնում եւ լաբորատոր ուսումնասիրություններ կատարում, որպեսզի ճիշտ ախտորոշեն հիվանդությունն ու սկսեն լիարժեք բուժումը։