Մոզամբիկի կառավարությունը հայտնում է, որ Քենեթ կործանարար ցիկլոնի առաջացրած ջրհեղեղի հետեւանքով զոհերի թիվը հասել է 38-ի, հայտնում է Associated Press-ը:

Նշվում է, որ տարերքը շարունակում է փոթորկվել: Ըստ օդերեւութաբանների կանխատեսումների՝ Մոզամբիկում սպասվում են էլ ավելի մեծ քանակությամբ անձրեւներ:

Հինգշաբթի ցիկլոնը խոչընդոտել է մարդկանց ավելի անվտանգ ապաստարաններ տեղափոխելու ջանքերին: Ցիկլոնի առաջացրած հզոր անձրեւները երկրի հյուսիս-արեւելքում Պեմբա քաղաքում ջրհեղեղների եւ հրեշավոր ավերածությունների պատճառ են դարձել:

Քենեթը սկսել է փոթորկվել ընդամենը 6 շաբաթ անց մեկ այլ ավերիչ ցիկլոնից՝ Իդայից հետո, որի հետեւանքով զոհվել էր ավելի քան 600 մարդ:

Ավելի վաղ CNN-ն հայտնել էր, որ մոտեցող ցիկլոնի պատճառով տարհանվել է ավելի քան 30 հազար մարդ: Ընդ որում՝ հիմա հայտնի է դարձել, որ Քենեթ ցիկլոնի պատճառով վտանգված է 160 հազար մարդու կյանքը: