Կենտրոնի թաղապետարանի ծառերի ձևավորման բաժնի աշխատակիցները այսօր՝ ապրիլի 29-ին, Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ ծառերի էտման աշխատանքներ էին իրականացնում Հայաստանի թատերական գործիչների միության բակում: Ծառերի ձևավորման բաժնի պետ Լևոն Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ բակի այդ ծառերը 22 տարի է՝ որևէ խնամքի կամ էտման չեն ենթարկվել:

«Մարտի 1-ից էտման աշխատանքներ ենք իրականացնում Երևան քաղաքի ողջ տարածքում: Քաղաքացիներին թվում է, թե ծառերը կտրում ենք կամ վնասում: Մեզ վիրավորում են, անտակտ արտահայտություններ անում մեր հասցեին: Մի 75-ամյա կին էր եկել, գորգոռում էր, անիծում էր, թե ծառերը կտրում ենք: Իրականում, մենք միայն գարնանային էտման աշխատանքներ են իրականացնում»,- ասաց Լևոն Հովհաննիսյանը՝ նշելով, որ ծառերից կտրած ճյուղերը տալիս են անապահով ընտանիքներին՝ որպես վառելիք:

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ հաճախ են դիմել Երևանի քաղաքապետարանի բնապահպանության բաժին, որպեսզի ծառերը էտեն, սակայն որևէ արձագանք չի եղել. «Մենք վերջերս կրկին դիմել էինք Երևանի քաղաքապետարան: Այսօր առավոտյան եկան, սկսեցին էտել: Ծառերը նախ ծերացել են, երկրորդն էլ, թթի ծառ ունենք երկու հատ, ճանապարհի եզրին են, հենց հասնում է բերքը, թափվում է մայթերին: Անցորնդերի ոտքերը ամբողջությամբ սևանում են թափված թթվից»,- ասաց միության նախագահը: