Ռուսաստանը եւ Թուրքիան խորհրդակցություններ են անցկացնում հինգերորդ սերնդի կործանիչների վերաբերյալ՝ Ստամբուլում պաշտպանական արդյունաբերության IDEF-2019 ցուցահանդեսում «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Լադիգինը։
«Այս տարի IDEF-2019 միջազգային ցուցահանդեսում Ռուսաստանը ներկայացնում է ավելի քան 400 ցուցանմուշ՝ ավիացիոն տեխնիկա, ՀՕՊ տեխնիկա, ՌԾՈՒ տեխնիկա, ցամաքային զորքերի տեխնիկա։ Անկասկած, հիմնական հետաքրքրությունը ներկայացնում է ՀՕՊ տեխնիկան, քանի որ բոլորը հրաշալի գիտեն Թուրքիայի հետ այն ծրագրի արձագանքները, որն այժմ իրականացնում է Ռուսաստանը։ Բացի այդ, մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ բարձրտեխնոլոգիական համագործակցություն իրականացնել ավիացիոն տեխնիկայի, ուղղաթիռային տեխնիկայի ոլորտում»,- ասել է Լադիգինը։
Նրա խոսքերով, ռուս-թուրքական մի շարք այդպիսի բանակցություններ արդեն սկսվել են։ Նա հավելել է, որ իր կարծիքով, ռուսական զենքի առկայությունը Թուրքիայում որեւէ կերպ չի խանգարի ամերիկյան սպառազինությունների գործունեությանը։




























