Դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի որոշումը՝ «Էլեկտրիկ Երեւանի» քրեական գործով վարույթը կասեցնելու մասին եւ հանձնարարել է վերսկսել նախաքննությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի եւ փաստաբան Կարեն Տոնոյանի աջակցությամբ երեք տուժած լրագրողներ՝ Հակոբ Կարապետյանը, Գեւորգ Ղազարյանը եւ Թեհմինե Ենոքյանն ապրիլի 2-ին ՀՔԾ-ի որոշման դեմ բողոք էին ներկայացրել դատախազություն։ Մենք շարունակելու ենք ուշադիր հետեւել այս գործի ընթացքին եւ սատարել լրագրողներին»,-ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ 4 տարի առաջ` 2015 թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած խաղաղ ցույցը դադարեցնելու նպատակով Ոստիկանության կողմից գործադրվեց ջրցան մեքենա: Կիրառված անհամաչափ ուժի արդյունքում տասնյակ ցուցարարներ եւ լրագրողներ տեղափոխվեցին հիվանդանոցներ, հարյուրավորները՝ բերման ենթարկվեցին:Ոստիկանության գործած վայրագությունների փաստով հարուցվել է քրեական գործ. տուժող է ճանաչվել 31 անձ, որոնցից 18-ը՝ ԶԼՄ ներկայացուցիչ: Վերջիններից ոմանք այդպես էլ հարցաքննության չհրավիրվեցին, միայն որոշ լրագրողներ ստացան փոխհատուցում:
Նախաքննության ընթացքում որեւէ անձի մեղադրանք այդպես էլ չի առաջադրվել, իսկ ավելի ուշ քրգործը կարճվել էր:




























