ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանի եւ նրա պաշտպանների ասուլիսի ընթացքում փաստաբան Իննեսա Պետրոսյանը, ակնհայտորեն դուրս գալով պատշաճության եւ էթիկայի սահմաններից, իրեն թույլ է տվել ՀՀ գլխավոր դատախազին ուղղված ոչ կոռեկտ արտահայտություններ, որոնք հարիր չեն ոչ միայն պրոֆեսիոնալ իրավաբանին, այլեւ բարեկրթության տարրական կանոններին տիրապետող ցանկացած անձի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Այսօր ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ (պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցված) Դավիթ Սանասարյանի եւ նրա պաշտպանների ասուլիսի ընթացքում փաստաբան Ինեսա Պետրոսյանը, ակնհայտորեն դուրս գալով պատշաճության եւ էթիկայի սահմաններից, իրեն թույլ է տվել ՀՀ գլխավոր դատախազին ուղղված ոչ կոռեկտ արտահայտություններ, որոնք հարիր չեն ոչ միայն պրոֆեսիոնալ իրավաբանին, այլեւ բարեկրթության տարրական կանոններին տիրապետող ցանկացած անձի:
Հարգելի գործընկերոջը հիշեցնում ենք, որ հրապարակային ելույթներում զգացմունքային զեղումներով համեմված անհիմն պնդումներով հանդես գալը որեւէ աղերս չունի փաստաբանի կողմից իր պաշտպանյալի իրավունքները օրենքով նախատեսված բոլոր միջոցներով պաշտպանելու սկզբունքի եւ պրոֆեսիոնալիզմի հետ: Ուստի հորդորում ենք նման ցածրորակ միջոցներով հանրային կարծիքը գլխավոր դատախազի դեմ ուղղորդելու փորձերի փոխարեն զբաղվել իր իրավասությունների ու գործառույթների շրջանակում իր վստահորդի շահերի իրական պաշտպանությամբ»,–գրել է նա:
Հիշեցնենք, այսօր հրավիրած ասուլիսում փաստաբանը պնդեց, թե իր պաշտպանյալի նկատմամբ գործը կարված է եւ մեղադրեց նաեւ Գլխավոր դատախազին։
«Մենք ունենք մի իրավիճակ, երբ գլխավոր դատախազը, ով փաստորեն դատավարական վերահսկողություն է ներկայացնում այս գործի նկատմամբ, մեկ դեպքում նշվում է, որ մեկ տարի է, ինչ երկրում գործեր չեն կարվում, այսինքն պարզ է, որ մեկ տարի առաջ կարվել են, եւ այդ կարողներից ամենակարեւորը դեռեւս պաշտոնավարում է»։



























