Հայ ազգային կոնգրեսի կողմից  մարտի 1-ի հանրահավաքում հրապարակված  պահանջագրի կետերը իրատեսական են եւ իրականանալի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 11-ին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Նա, մասնավորապես անդրադարձավ պահանջագրի սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող կետերին, մասնավորապես` նվազագույն աշխատավարձերը 200 դոլար դարձնելուն (ներկայումս նվազագույն աշխատավարձը 32 հազար դրամ է` շուրջ 90 դոլար):

Վահագն Խաչատրյանը նախ պարզաբանեց, թե ինչու է հաշվարկը դոլարով արվել, ինչը որոշ իշխանական գործիչներ շահարկեցին, նկատելով, թե` եթե ՀԱԿ պահանջագրում դոլարով են արտահայտված բոլոր գումարները, նշանակում է` այն գրվել է ԱՄՆ-ում:

Վահագն Խաչատրյանը նկատեց, որ դոլարով կատարված հաշվարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրամի ճակատագիրը մեր երկրում դեռեւս պարզ չէ։  «Իհարկե, 200 դոլարը հիմնավորված է մեր կողմից։ Մենք խոսում ենք նվազագույն աշխատավարձի մասին։ Դա նշանակում է, որ այդ դեպքում հարկային մուտքերը կավելանան։ Եթե նվազագույն աշխատավարձն այսօր 32 հազար դրամ է, 200 դոլարի համարժեքով այսօր կլինի 72 հազար դրամ, հետեւաբար համապատասխան չափով բյուջեի եկամուտները կավելանան։ Եթե հաշվարկները կատարեք, բյուջեի վրա համարյա բեռ չի լինի»,-բացատրեց բանախոսը։ Ըստ Վահագն Խաչատրյանի՝ կառավարությունը նպատակ ունի ոչ թե քաղաքացիների եկամուտներն ավելացնել, այլ արտադրությունը հզորացնել, սակայն ՀԱԿ-ը կարծում է, որ Հայաստանում պետք է խթանել ոչ թե առաջարկը, այլ` պահանջարկը: Իսկ  շուկան հետագայում հնարավորություն կտա կողմնորոշվել, թե արտադրական որ ճյուղը զարգացվի:

Դա, ըստ Խաչատրյանի, հնարավորություն կտա բարձրացնել  բնակչության կենսամակարդակը, ինչպես նաեւ լուծել գնաճի խնդիրը: «Պետության դերը չպետք է սահմանափակվի գազի գնի բարձացումը փոխհատուցելու նպատակով նպաստներն ու թոշակներն ընդամենը 2 հազար դրամով բարձրացնելով»,-նկատեց ՀԱԿ ներկայացուցիչը: Նա նաեւ ընդգծեց, որ  2011թ.-ի բուջեն համարվում է սոցիալական բյուջե, սակայն դրանում «ոչ մի լումա չի նախատեսված  աշխատավարձերի, նպաստների եւ թոշակների բարձրացման համար»,-նկատեց տնտեսագետը։ Նա նաեւ ընդգծեց, որ ՀԱԿ քայլերը բնավ  ինքնանպատակ չեն եւ դրանցում առկա են տնտեսական կամ սոցիալական հարցերի լուծման կոնկրետ առաջարկներ: