Հայաստանում մարտի 13-ին տեղի կունենա առաջին ինտերնետային մարաթոնը` նվիրված գրքին: «Գիրք-2011» ինտերնետային մարաթոնը կտեւի  24 ժամ անընդմեջ՝ սոցիալական ցաների, էլեկտրոնային փոստի եւ տարբեր կայքերի միջոցով։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց մարաթոնի անցկացման նախաձեռնող խմբի ղեկավար, գրող Հովիկ Չարխչյանը։

Մարաթոնի ընթացքում կարելի է նվիրաբերել ցանկացած տեսակի տպագիր գրականություն՝ գրքեր, ամսագրեր, տեղեկագրեր, քարտեզներ եւ այլն։ Չարխչյանի խոսքով՝ մարաթոնի ընթացքում հանգանակված ողջ գրականությունը կուղարկվի հանրապետության հեռավոր շրջանների դպրոցներ և գրադարաններ, որոնք վերջին 20-25 տարիներին ոչ միայն չեն համալրվել նոր գրականությամբ, այլեւ էական կորուստներ են ունեցել։

«Այդ օրը մայրաքաղաքի տարբեր հատվածներում կգործեն այսպես կոչված «հավաքագրման կետեր», ուր կարելի է հանձնել գրականությունը: Բացի այդ  կան բազմաթիվ կամավորներ, որոնք պատրաստ են անձամբ այցելել նրանց տուն, ովքեր գրքեր նվիրաբերելու խոստումներ են տվել եւ վերցնել գրականությունը՝ մարաթոնին կամ դրան հաջորդող օրերին»,-ասաց Հ. Չարխչյանը։

Նշենք, որ մարաթոնի անցկացման օրը պատահական չի ընտրված: Մարտի 13-ը Եղիշե Չարենցի ծննյան օրն է: Մինչ ակցիայի սկիզբը կազմակերպիչները  բազմաթիվ չարենցասերների հետ միասին կայցելենք մեծ գրողի թաղման վայրը, հարգանքի տուրք կմատուցենք Չարենցի հիշատակին, որից անմիջապես հետո մարաթոնը կմեկնարկի եւ կտեւի մեկ ամբողջ օր։