Ես չեմ հասկանում, թե քաղաքապետարանն ինչ է մտածում, որ պահում է նման կառավարիչ, որը կապ չունի ընդհանրապես կենդանաբանական այգու և բնության հետ: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին Կենդանաբանական այգու մոտ, այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ նշեց Այգու նախկին աշխատակից, կենդանիների բաժնի նախկին համակարգող Մանուկ Մանուկյանը:
«Երբ կենդանին հիվանդանում է, չկան համապատասխան մասնագետներ, որ փրկեն կենդանուն: Հետո սատկում է, նոր հասկանում են, որ բուժելու կարիք կար: Իսկ տնօրենը մասնագետ չէ, չի հասկանում կենդանիներից ու բնությունից: Ես չեմ հասկանում, թե քաղաքապետարանն ինչ է մտածում, որ պահում է նման կառավարիչ, որը կապ չունի ընդհանրապես կենդանաբանական այգու և բնության հետ: Չլինելով մասնագետ՝ նա մինչև անգամ մասնագետների հետ չի կարողանում աշխատել և համագործակցել: Երկար տարիների փորձ ունեցող աշխատակիցներին դուրս հանեց աշխատանքից: Ով խնդիրը բարձրաձայնում է, հաջորդ օրը աշխատանքից ազատվելու ծանուցում է ստանում»,-ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ մինչեւ հիմա չիմացան, թե ինչից սատկեց վագրը՝ լեյկոզից, թե քաղցկեղից:
Ըստ կենդանաբանական այգու նախկին աշխատակցի` մասնագիտությամբ կենդանաբույժ լինելը բավարար չէ, պետք է վայրի կենդանիների աշխատանքի փորձ ունենալ, որպեսզի կանդանիների անկում չլինի:
Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ. «Ռուբեն հեռացիր», «Վերջ կենդանիների ոչնչացմանը», «Այգին փրկել մարդանման գիշատիչից, SOS»:
Հիշեցնենք, որ հենց այսօր` մայիսի մեկին է ամեն տարի պաշտոնապես իր դռներն այցելուների առաջ բացում Կենդանաբանական այգին:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են կառավարման խորհուրդ ստեղծել եւ անցկացնել տնօրենի ընտրություններ, հնարավորություն տալ մասնագետներին, կենդանասերներին ներկայացնել իրենց տեսլականը։ Նրանք նաեւ պահանջում են ստեղծել հանձնաժողով, որտեղ ներկայացուցիչներ կլինեն նաեւ քաղաքապետարանից, ինչպես նաեւ մասնագետներ, որոնք կքննարկեն այգու զարգացմանն ուղղված հարցերը: Այդ առաջարկությունները ներկայացրել են նաեւ քաղաքապետարանում:
Իր հերթին, Կենդանաբանական այգու տնօրենը պնդում է, որ իրեն զրպարտում են:



























