ԱՄՆ-ում թուրք հյուպատոսին գնդակահարած ASALA-ի մարտիկ Գուրգեն Յանիկյանի մասունքները բերվել են Հայաստան: Նրա վերջին հանգստավայրը լինելու է Եռաբլուրում, ՀԱՀԳԲ-ի հուշահամալիրի տարածքում, որտեղ արդեն առկա է խորհրդանշական տապանաքարը:

Հայկական ժողովրդային շարժումից NEWS.am-ին հայտնում են, որ Յանիկյանի մասունքների հուղարկավորությունը տեղի է ունենալու կիրակի՝ մայիսի 5-ին, ժամը 15։00-ին: Թաղման կարգն անձնապես կատարելու է Մայր Աթոռի երիցագույն միաբան Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը։

Նշենք, որ Հայ ազատագրական պայքարի մարտիկ, գրող, ճարտարագետ Գուրգեն Յանիկյանը ծնվել է 1895 թ. Էրզրումում ( Արևմտյան Հայաստան): Նա 78 տարեկանում ԱՄՆ Սանտա Բարբարա քաղաքում, գնդակահարել է Թուրքիայի հյուպատոսին ու նրա օգնականին: Յանիկյանը իր քայլը կատարելուց հետո ինքնակամ ներկայացել է ԱՄՆ իրավապահ մարմիններին: Նա 1973-ի հունիս 2-ին ցմահ բանտարկության է դատապարտվել, իսկ 1984-ին մահացել է հիվանդանոցում: