Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն չտվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնությանը, որով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ, որով կսահմանվի դրույթ այն մասին, որ աշխատողի տարիքը չի կարող հանդիսանալ օրինական արգելք կամ պատճառ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար, բացառությամբ այլ օրենքներով կարգավորվող դեպքերի:
Հարցը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենսգրքի հոդվածը թողնել անփոփոխ:
Նրա խոսքով, նախագծով առաջարկվող կարգավորումն իր բովանդակությամբ չի համապատասխանում Օրենսգրքի 94-րդ հոդվածի բովանդակությանը եւ այդ հոդվածով ամրագրվող կարգավորումներին, որը վերաբերում է աշխատանքային պայմանագրի տեսակներին եւ ըստ էության սահմանում, որ աշխատանքային պայմանագրերը կարող են լինել երկու տեսակի՝ անորոշ ժամկետով եւ որոշակի ժամկետով:
«Միայն տարիքին վերաբերող մասով արգելքի առանձին դրույթ սահմանելը ընդունելի չէ, քանի որ այդ պարագայում անհրաժեշտ կլինի Օրենսգրքում նման արգելք սահմանել նաեւ սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի եւ այլ հանգամանքներով պայմանավորված եւս:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի՝ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»,-ասաց Բաթոյանը:
Նա հավելեց, որ իրենք արդեն այս ամիս Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հանրային քննարկումներ են սկսում, որտեղ այդ բոլոր կարգավորումները կներառվեն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ թեեւ Սահմանադրությամբ խտրականությունն արգելվում է, սակայն իրենք ահազանգեր ստանում են, որ աշխատաշուկայում խտրականության դրսեւորումներ այնուամենայնիվ տեղի են ունենում: Նա հարց ուղղեց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանին. «Պարոն Թաթոյան, այս հարցը մենք ոնց պետք է լուծենք»:
Թաթոյանը նշեց, որ այո, կան խտրականության դրսեւորումներ սեռով եւ տարիքով պայմանավորված. «Աշխատանքային օրենսգրքի» ընդհանուր դրույթները հնարավորություն չեն տալիս, որ առավել արդյունավետ պաշտպանություն իրականացնել:
Փաշինյանը նկատեց, որ այսինքն ստացվում է, որ իսկապես նման խնդիր կա, բայց միայն տարիքով պայմանավորված խնդրին լուծում տալը կնշանակի, որ մյուս խտրականությունները թույլատրվում են. «Եթե ասում ես՝ էս մի դեպքով չի կարելի խտրականություն անել, առնվազն կարելի է ենթադրել, որ մյուս դեպքերով կարելի է խտրականություն անել: Պետք է սահմանենք բոլոր դեպքերը, որտեղ չի թույլատրվում խտրականություն: Այս առումով նաեւ հեղինակի հետ կարելի է աշխատել, որ ամբողջական տեսքի բերվի»:



























