Արդեն ինքը՝ «անցումային արդարադատություն» տերմինը դարձել է ամենախնդրահարույց հարցը: Այս մասին մայիսի 2-ին ԱԺ-ում Պետաիրավական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվության քննարկման ժամանակ ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի՝ անցումային արդարադատությանը վերաբերող հարցին:

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ նման իրավական ձեւ չի կարելի գտնել ոչ մի իրավաբանական փաստաթղթում, այդ թվում՝ ներպետական: «Այս ընդհանուր գաղափարն առաջացել է բոլոր հեղափոխություններից հետո եւ ունեցել կոնկրետ դրսեւորումներ: Հայաստանում այս գաղափարն արտահայտվել է որոշակի տրամաբանությամբ միջազգային իրավունքի ապահովման երաշխիքային մեխանիզմների ներառման համար»,- պարզաբանեց Դավթյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում, այս փուլում երկրում նոր դատարաններ չեն ստեղծվի: