Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերությունը հաջողությամբ է կատարել իր բազմակի օգտագործման New Shepard հրթիռի հերթական թեստային արձակումը մերձուղեծրային թռիչքների համար: Մեկնարկից գրեթե 10 րոպե հետո այն պարկուճի հետ միասին բարեհաջող վայրէջք է կատարել Արեւմտյան Տեխասում գտնվող ընկերության օբյեկտում, հայտնում է The Verge-ը: Իջեցվող պարկուճը բարձրացել է 105,5 կմ:

Սա New Shepard-ի 11-րդ փորձնական թռիչքն էր: Այն առանց օդաչուի էր:

Blue Origin-ը պատրաստվում է ապագայում այս հրթիռի միջոցով իրականացնել տիեզերական զբոսաշրջիկներով կոմերցիոն արձակումներ: Հայտնի չէ, թե դա կոնկրետ երբ տեղի կունենա եւ դեռ քանի թեստային թռիչքներ են հարկավոր, նշում է Forbes-ը՝ նշելով, սակայն, որ Բեզոսի ընկերության մրցակիցները՝ SpaceX-ը եւ Boeing-ը հույս ունեն այս տարի սկսել ուղեծիր օդաչուավոր արձակումներ: Այն մասին, որ New Shepard-ով մարդկանց արդեն այս տարեվերջին տիեզերք կարձակեն, ուղիղ հեռարձակման ժամանակ ասել է Blue Origin-ի աստղագիտական եւ ուղեծրային վաճառքի հարցերով տնօրեն Արիան Քորնելը:

New Shepard-ը բազմակի օգտագործման հրթիռ է, որը կարող է Երկրի վրա բարձրանալ 100 կմ: Այս բարձրության վրա պարկուճի ցանկացած ուղեւոր անկշռելիություն կզգա: