Ջորջիայում մահապատժի են ենթարկել մի տղամարդու, որը դատապարտվել էր 1994 թվականին երկու կանանց սպանելու համար։

52-ամյա Սքոթի Մորոուն մահապատժի է ենթարկվել մահացու ներարկման միջոցով Ջեքսոնի բանտում, ասվում է Ջորջիա նահանգի ուղղիչ հաստատությունների դեպարտամենտի հայտարարությունում։

1994-ին Մորոուն ներխուժել էր իր նախկին սիրած աղջկա տուն։ Տանը գտնվում էին աղջկա երեխաները եւ ընկերուհիները։ Մորոուն կրակել է երեք կանանց՝ սպանելով նրանցից երկուսին, ներառյալ նախկին ընկերուհուն հնգամյա որդու աչքերի առջեւ, տեղեկացնում է AFP-ն։

Նա մեղադրվել է կրկնակի սպանության համար եւ դատապարտվել մահապատժի 1999 թվականին, բայց դատավճիռը չեղարկվել է 2011-ին այն հիման վրա, որ նրա պաշտպանությունը բավարար չէր, քանի որ նրա փաստաբանները չէին մատնանշել, որ նա ենթարկվել է բռնության մանուկ հասակում։

Այնուհետեւ նահանգի գերագույն դատարանը չեղարկել է այս որոշումը՝ հաստատելով 1999-ի նախնական դատավճիռը։

Ջորջիայի նահանգի ներման եւ պայմանական ազատման պետական կոմիտեն մերժել է Մորոուի կողմնակիցների ներման խնդրանքը, որոնք պնդում էին, որ նա դարձել է օրինակելի բանտարկյալ եւ զղջացել է իր կատարած հանցագործությունների համար։

Մորոուն հինգերորդ բանտարկյալն էր, որը մահապատժի է ենթարկվել ԱՄՆ-ում 2019 թվականին։