Ինձ համար հասկանալի չէր կառավարության որոշ անդամների խիստ բարձր տրամադրությունը, երբ պատմում էին կատվին վզից բռնելու եւ թափ տալու մասին պատմություններ: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով նախօրեին կառավարության նիստում իր հեղինակած օրենսդրական նախաձեռնության քննարկմանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ինձ համար, այո, կենդանուն դաժանաբար սպանածի, խոշտանգածի եւ պոտենցիալ մարդասպանի միջեւ շատ մեծ տարբերություն չկա:

Երեկ կառավարությունը քննարկեց իմ եւ իմ գործընկերների նեկայացրած նախագիծը` որով մենք առաջարկում ենք կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է կենդանու ոչնացմանը կամ խեղմանը, կենդանիներին խոշտանգելը` քրեականացնել եւ որպես պատիժ սահմանել նվազագույն աշխատավարձի մինչեւ երեքհարյուրպատիկը, կալանք` մեկից երեք ամիս ժամկետով եւ կամ ` ազատազրկում` մինչեւ մեկ տարի ժամկետով:

Մինչեւ հիմա կենդանիների հանդեպ դաժան, անմարդկային վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումներ մասին» օրենքով նման անձիք ընդամենը ենթարկվել են ծիծաղելի տուգանքների:

Երեկ, սակայն, ինձ համար հասկանալի չէր նախագծի քննարկման ժամանակ կառավարության որոշ անդամների անհասկանալի պահվածքը եւ խիստ բարձր տրամադրությունը, երբ պատմում էին, օրինակ, կատվին վզից բռնելու եւ թափ տալու մասին պատմություններ:

Ես չեմ ասում կատվին վզից բռնող երեխային էլ դատենք, բայց ես կարող եմ ասել, որ մենք այնպես պետք է մեր երեխաներին դաստիարակենք, որ կատվի վզից չբռնեն ու թափ չտան:

Եւ մեկ էլ մի դիտարկում` վարչապետը մտահոգություն հայտնեց, որ այս նախագծի ընդունման դեպքում եթե մեկը որոշել է գառ մորթել ու մատաղ անել` պիտի գնա նստի՞: Ոչ, իհարկե, ոչ:

Եւ այդ տարընթերցումները բացառելու համար մենք օրենքում ամրագրել ենք` «հատուկ խուլիգանական դրդումներով» կատարված կենդանու սպանություն, խեղում եւ խոշանգում: Ես չեմ կարծում, որ մեր երկրում մատաղ անում եւ գառ են մորթում «հատուկ խուլիգանական դրդումներով»։

Ինչեւէ, կառավարությունը դրական եզրակացություն է տվել մեր նախագծին, անելով որոշ առաջարկներ, որոնք որպես օրենքի հեղինակներ՝ մենք պատրաստ ենք քննարկել: Հույս ունեմ, որ հնարավորինս արագ խորհրդարանը կընդունի օրենքը եւ «հավեսի համար» կենդանի սպանողը, ծանակողն ու խոշտանգողը բերդում իր արարքի մասին մտածելու բավարար ժամանակ կունենա:

Շնորհակալ եմ «Դինգո» թիմին եւ Նարե Արամյանին` օրենքի նախապատրաստման գործում ինձ աջակցելու համար»: