Amazon-ի արժեթղթերը ձեռք է բերել Berkshire Hathaway հոլդինգային ընկերությունը։ Այս մասին CNBC-ի հարցազրույցում ասել է միլիարդատեր եւ ներդրող Ուորեն Բաֆեթը։

Նրա խոսքով՝ նա վաղուց համակրում էր ինչպես Amazon-ին, այնպես էլ նրա գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսին։ «Այո, ես ֆանատ էի, ես հիմար էի, որ չգնեցի (արժեթղթերը)»,- ասել է նա, տեղեկացնում է ՌԲԿ-ն։

Նրա խոսքով՝ գնման մասին որոշում կայացրել է Berkshire Hathaway-ի աշխատակիցներից մեկը։ Բաֆեթը չի ճշտել, թե որքան է նրա ընկերությունը ծախսել Amazon-ի արժեթղթերի վրա։

CNBC-ը նշում է, որ Amazon-ի բաժնետոմսերը հավանաբար գնել է Berkshire-ի մենեջերներից մեկը, խոսքը կամ Թոդ Կոմբսի, կամ Թեդ Վեշլերի մասին է։

Amazon-ը քանիցս դարձել է ամենաթանկ ընկերությունը, իսկ 2018-ի սեպտեմբերին նրա շուկայական կապիտալացումը գերազանցեց 1 տրլն դոլարը, մեկ բաժնետոմսը՝ 2050, 5 դոլար։ Մինչ Amazon-ը նման ցուցանիշների հասել էր եւ Apple-ը (2018-ի օգոստոսի 2), հետո՝ Microsoft-ը՝ (2019-ի ապրիլի 25)։

Այժմ Amazon-ի բաժնետոմսերը արժեն 1900,82 դոլար՝ մեկ հատը, իսկ ընկերության շուկայական կապիտալացումը կազմում է 935,83 մլրդ դոլար։ Forbes-ը Ուորեն Բաֆեթի կարողությունը գնահատում է 89 մլրդ դոլար, նա երրորդն է աշխարհի ամենահարուստ մարդկանց մեջ ըստ պարբերականի վարկածի (առաջինը Բեզոսն է ու նրա ընտանիքը, երկրորդը՝ Բիլ Գեյթսը)։ Նրա Berkshire Hathaway-ը ունի ավելի քան 60 ընկերություն։

2018-ին Բաֆեթի հոլդինգը 2008-ից ի վեր ամենավատ շահույթն ունեցավ։ Ներդրողն ինքը այդ ժամանակ նշել էր, որ միշտ կողմնորոշվել է Berkshire-ի հաշվեկշռային արժեքով եւ այն համադրել S&P 500 ֆոնդային ինդեքսի եկամտաբերության հետ. նրա S&P ֆոնդի եկամտաբերությունը 12 անգամ տանուլ է տվել 54 տարիների ընթացքում։ Իսկ հիմա Բաֆեթը որոշել է հրաժարվել այդ գործելակերպից՝ ընդգծելով, որ Berkshire-ը դադարել է լինել ընկերություն, որը պարզապես ունի բաժնետոմսեր եւ զբաղվում է օպերացիոն բիզնեսով։