ԱՄՆ Սթենֆորդի հարգի համալսարան ընդունված չինացի ուսանողուհու մայրը հայտարարել է, որ իրենց ընտանիքը 6,5 մլն դոլար է փոխանցել Ուիլյամ «Ռիկ» Սինգերի հիմնադրամին, որը քոլեջներ ընդունվելու խարդախ սխեմայի կազմակերպիչ է՝ հայտնում է CNN-ը։

Տիկին Ժաո ներկայացած կինը հայտնել է, որ նրա օգնությամբ ինքը փնտրել է քոլեջներ ընդունվելու հարցով խորհրդատու, քանի որ ծանոթ չի եղել ԱՄՆ-ում ընդունելության գործընթացին։

Այն բանից հետո, երբ իր դուստրը ընդունվել է քոլեջ, տիկին Ժաոյի խոսքերով, Սինգերը խնդրել է նրան իր հիմնադրամի միջոցով նվիրատվություն անել համալսարանին։

Սինգերը նրան հայտնել է, որ նվիրատվությունները գնում են ակադեմիական կազմի աշխատավարձերին, կրթաթոշակներին եւ այն ուսանողների օգնությանը, որոնք այլ կերպ չեն կարող իրենց թույլ տալ սովորել Սթենֆորդում։

Stanford Daily թերթը ենթադրում է, որ խոսքը կարող է լինել չինացի ուսանողուհի Յուսի Ժաոյի մասին, որը Shandong Buchang Pharmaceuticals ընկերության ղեկավար, միլիարդատեր Ժաո Տաոյի դուստրն է։

2017թ․ աղջիկը հրապարակել էր տեսանյութ, որում պատմում էր, որ ծանր աշխատանքի շնորհիվ իրեն հաջողվել է ընդունվել Սթենֆորդի համալսարան, թեեւ տարրական դպրոցում ինքը բարձր ցուցանիշներ չի ունեցել։

Նշվում է, որ այս գործը համալսարաններ ընդունվելու խարդախ սխեմայի հետ կապված աղմկահարույց պատմությունների շղթայի մի օղակն է։

ԱՄՆ-ում այս գործով 50 մարդ է մեղադրվում։ Պարզվել է՝ դրան մասնակից են նաեւ այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսին Ֆելիսիտի Հաֆմանն է եւ Լորի Լաֆլին, սակայն նրանցից ոչ մեկը այդքան գումար իր երեխաների համար չի ծախսել, որքան այս չինական ընտանիքը։