Ֆիլիպիններում նկարիչը համաշխարհային հանրության ուշադրությունը օվկիանոսների կեղտոտվածության մասշտաբների վրա հրավիրելու համար պլաստիկե աղբից ստեղծել է հղի կետի 24 մետրանոց ֆիգուր, որն անվանել է «Մեռած կետի լացը»՝ հայտնում է HuffPost-ը։

Կետը պատրաստված է թափոններից, այդ թվում՝ պլաստիկե շշերից, ձողիկներից եւ տոպրակներից, որոնք գտնվել են հանրապետության առափնյա շրջաններում։ Իր աշխատանքը վարպետը նվիրել է այն կետին, որին այս տարվա մարտին ալիքները նետել էին ֆիլիպինյան ափ։ Մեռած կենդանու ստամոքսում կենսաբանները հայտնաբերել էին 40 կգ պլաստիկ, այդ թվում՝ բրնձի տոպրակներ, բանանի հսկայական պարկեր եւ սուպերմարկետների տոպրակներ։

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի գնահատականներով՝ ամեն տարի մոտ 100 000 ծովային կաթնասուն է մահանում պլաստիկով օվկիանոսների կեղտոտվածությունից։

Այսպես, անցյալ տարվա հունիսին Թաիլանդի ափին հայտնաբերվել էր սեւ դելֆին, որը 80 տոպրակ էր կուլ տվել։ Դրանք մնացել էին նրա ստամոքսում ու կոկորդում եւ թույլ չէին տվել կուլ տալ եւ մարսել սնունդը։ Դելֆինին փրկել չէր հաջողվել։