Մայիսի 2-ին հիմնադրվեց «Հայաստանի էլեկտրամոնտաժողների ակումբը» (բացման արարողությունը տեղի ունեցավ «Prof Al Home» խանութ-սրահում` Դավիթ Անհաղթի 8 հասցեում): Ակումբի հիմնադրման նախաձեռնությամբ հանդես եկավ Հայաստանում շինարարության ոլորտում ալյումինե եւ ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատար «Պրոֆ Ալ» ընկերությունը։
Այս նախաձեռնությամբ «Պրոֆ Ալ»-ը հիմք է դնում մի հարթակի, որը կմիավորի ոլորտի մասնագետներին։ Ակումբի շրջանակում հնարավորություն կստեղծվի էլեկտրամոնտաժային ծառայությունների շուկայում առկա եւ նորարարական փորձի փոխանակման, տեխնիկական եւ սպասարկման նորությունների եւ հեռանկարների քննարկման համար։
Միջոցառումը մեկնարկեց «Պրոֆ Ալ» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Էդգար Ավետիսյանի ողջույնի խոսքով։ Է․ Ավետիսյանը շնորհավորեց նորաստեղծ «Հայաստանի էլեկտրամոնտաժողների ակումբ»-ի անդամներին եւ ներկայացրեց ակումբի ստեղծման նպատակները, առաքելությունն ու գործառույթները։
«Էլեկտրամոնտաժողների ակումբի գաղափարը ծնվեց ձեր բոլորի հորդորով։ Մեկ ամիս առաջ, երբ հանդիպել էինք «Gewiss» եւ «Raychem» ընկերությունների ներկայացուցիչներին, մեզ համար «բացահայտեցինք», որ հայաստանյան էլեկտրամոնտաժի փոքր եւ նեղ մասնագիտական ոլորտում ոչ բոլորն են միմյանց ճանաչում։ Առիթը մեզ համար ազդակ հանդիսացավ ստեղծելու մասնագիտական հարթակ փոխշահավետ համագործակցային հարաբերություններ հաստատելու, ամրապնդելու եւ, առհասարակ, ոլորտը զարգացնելու համար»։
Է․ Ավետիսյանի խոսքով՝ ակումբի հիմնադրմամբ «Պրոֆ Ալ»-թիմը ցանկանում է ընդգծել Էլկետրամոնտաժողի մասնագիտության կարեւորությունը, քանի որ էլեկտրամոնտաժը շինարարական ոլորտի հիմնարար ու կարեւորագույն սյուներից է:
«Հայաստանի էլեկտրամոնտաժողների ակումբ»-ի նախագահ Գրիգոր Քյոխվայանցն իր ելույթում ասաց. «Ակումբը կիրականացնի մի քանի գործառույթ՝ կրթական, որտեղ թե՛ «Պրոֆ Ալ»-ի գործընկերները, թե՛ ոլորտում աշխատող ընկերությունները ժամանակ առ ժամանակ կհրավիրվեն ակումբ եւ կմասնակցեն որակավորումը բարձրացնող թրեյնինգների։ Երկրորդ՝ ակումբը կծառայի ոլորտի հիմնախնդիրների բարձրաձայնմանը՝ աշխատաշուկայում գնային քաղաքականության հաստատում, մասնագետների կողմից միջազգային չափորոշիչների պահպանում եւ այլն»։
Միջոցառման մասնակից, էլեկտրամոնտաժող Վազգեն Սիսլյանը եւս կարեւորեց նախաձեռնությունը․ «Սա իսկապես կարեւոր ոլորտային նորույթ է, որին մենք վաղուց էինք սպասում։ Այս ոլորտում հստակ չափորոշիչներով առաջնորդվող բացառապես բարձրակարգ մասնագետներ են հարկավոր։ Համոզված եմ, որ ակումբն իր գործունեությամբ կկարգավորի շուկան, կնպաստի ոլորտի զարգացմանը»։
Գնահատելով շարունակական եւ արդյունավետ համագործակցությունը էլեկրտամոնտաժային ոլորտի հետ՝ միջոցառման ընթացքում «Պրոֆ Ալ» ընկերությունն իր գործընկերներին տրամադրեց «Հայաստանի էլեկտրամոնտաժողների ակումբ»-ի անդամակցության քարտ, որն ընձեռում է մի շարք արտոնություններ:
Հ․Գ․ Նյութին կից ներկայացնում ենք թեմատիկ ֆոտոշարք Հայաստանի էլեկտրամոնտաժողների մասնակցությամբ։
Նշենք, որ «Պրոֆ Ալ» ընկերությունը հայաստանյան շուկայում գործում է 17 տարի` ներկայանալով բնակարանային, գրասենյակային կահույքի արտադրությամբ եւ ոճավորումով, ալյումինե, մետաղապլաստե, դեկորատիվ կոնստրուկցիաների, պերգոլաների եւ մարկիզաների ներկրմամբ եւ արտադրությամբ, ինչպես նաեւ լանդշաֆտային դիզայնով: Ընկերությունն ունի 15-ից ավել արտադրամաս, եւ արտադրական յուրաքանչյուր ուղղություն հիմնվել ու զարգանում է աշխարհի տարբեր երկրներից շուրջ 50 ընկերությունների հետ գործակցության արդյունքում (Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Ավստրիա, Հունաստան, Հոլանդիա, Շվեդիա, Ֆրանսիա, Բելգիա, Դանիա, Անգլիա, Լեհաստան եւ այլն): «Պրոֆ Ալ»-ը միակն է ոլորտում, որն արտահանում է իր արտադրանքը սկսած 2013 թվականից եւ որի շնորհիվ ՙMade in Armenia՚–ն համարվում է եվրոպականին համարժեք որակ GULF երկրներում:



































