Գերմանիան հույս ունի, որ ԱՄՆ-ը եւ Չինաստանը կխուսափեն առեւտրային վեճի սրացումից, ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Փիթեր Ալթմայերը՝ ավելացնելով, որ բոլոր կողմերը պետք է զգույշ լինեն միակողմանի որոշումներ ընդունելիս, տեղեկացնում է Reuters-ը։
«Մենք բոլորս հույս ունենք, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ կոնֆլիկտը կարող է լուծվել, որովհետեւ այն բացասաբար կանդրադառնա բոլորի վրա»,- ասել է Ալթմայերը Բեռլինի համաժողովի շրջանակում։ «Մենք պետք է առեւտրային կարգուկանոն ունենանք՝ հիմնված կանոնների վրա, մեզ բաց շուկաներ են պետք, մեզ պետք են արդարություն եւ հավասար խաղի պայմաններ, այսինքն՝ հավասար իրավունքներ ներգրավված բոլոր երկրների ընկերությունների համար»,- ասել է նա։
Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ այս շաբաթ կբարձրացնի չինական ապրանքների տուրքերը 200 մլրդ դոլար արժեքով եւ նոր սակագներ կմտցնի առաջիկայում՝ խստացնելով ճնշումը Չինաստանի վրա առեւտրային համաձայնագիր կնքելիս։ Նրա խոսքով՝ 200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների սակագները ուրբաթ բարձրացվել են 10-25 տոկոսով, թեեւ փետրվարին ԱՄՆ նախագահը որոշում էր կայացրել պահել դրանք 10 տոկոսի մակարդակում՝ բանակցությունների ֆոնին։ Թրամփը նաեւ ասել է, որ «առաջիկայում» նախատեսում է 25 տոկոսանոց տուրքեր 325 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների համար։ Արդյունքում՝ սակագները կարող են տարածվել գրեթե բոլոր ապրանքների վրա, որոնք Չինաստանից ներկրվում են ԱՄՆ։




























