Առեւտրային պատերազմը Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ «բացասաբար կանդրադառնա ողջ աշխարհի վրա»։ Այս մասին ասել է ամերիկացի միլիարդատեր, Berkshire Hathaway Inc սեփականատեր Ուորեն Բաֆեթը։
Նրա խոսքով՝ ֆոնդային շուկաների անկումը նախագահ Դոնալդ Թրամփի թվիթից հետո չինական ներմուծման տուրքերի բարձրացման մասին «ռացիոնալ» պատասխան էր։
Berkshire Hathaway Inc կոնգլոմերատը ներդրումներ է անում բազմաթիվ ընկերություններում, որոնք բիզնես են վարում Չինաստանում, այդ թվում Apple Inc-ը։
«Եթե մենք իսկապես առեւտրային պատերազմ ունենանք, դա վատ կլինի ամողջ աշխարհի համար»,- ասել է Բաֆեթը։ Լիածավալ առեւտրային պատերազմը սակավ հավանական է, բայց կարող է բացասաբար անդրադառնալ Berkshire Hathaway Inc-ի ակտիվների վրա,- ասել է նա։
Ներդրողները հիմար կլինեն, եթե սկսեն վաճառել բաժնեթղթերը՝ հենվելով նորությունների վերնագրերի վրա։ «Այսօր մենք կգնենք այդ նույն բաժնեթղթերը, ինչ եւ անցած շաբաթ»,- ասել է նա։
Բաֆեթն ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է ամրացնի իր առեւտրային հարաբերությունները Չինաստանի եւ Մեքսիկայի հետ։ «Մենք շատ ընդհանուր շահեր ունենք»,- ասել է նա։ «Առեւտուրը Մեքսիկայի եւ Չինաստանի հետ չափազանց կարեւոր է։ Մենք պետք է նրանց վերաբերվենք իբրեւ հարեւանների, այլ ոչ թե հակառակորդների»։
Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ այս շաբաթ կբարձրացնի չինական ապրանքների տուրքերը 200 մլրդ դոլար արժեքով եւ նոր սակագներ կմտցնի առաջիկայում՝ խստացնելով ճնշումը Չինաստանի վրա առեւտրային համաձայնագիր կնքելիս։ Նրա խոսքով՝ 200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների սակագները ուրբաթ բարձրացվել են 10-25 տոկոսով, թեեւ փետրվարին ԱՄՆ նախագահը որոշում էր կայացրել պահել դրանք 10 տոկոսի մակարդակում՝ բանակցությունների ֆոնին։ Թրամփը նաեւ ասել է, որ «առաջիկայում» նախատեսում է 25 տոկոսանոց տուրքեր 325 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների համար։ Արդյունքում՝ սակագները կարող են տարածվել գրեթե բոլոր ապրանքների վրա, որոնք Չինաստանից ներկրվում են ԱՄՆ։




























