Երեւանի ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը, որտեղ պետք է քննարկվեր քաղաքապետի նախագիծը հաստիքացուցակի փոփոխության վերաբերյալ, չի կայացել հանգամանքների բերումով։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն էյրամջյանը՝ նիստին խմբակցության անդամների բացակայությունը բացատրելով տեխնիկական պատճառով։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ զուգահեռ նիստ է ընթացել, եւ ավագանու անդամները պարզապես չեն հասցրել մասնակցել  ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստին։

Նա հերքեց տեղեկությունը, որ «Իմ քայլը» բոյկոտել է նիստը․ «Ոչ, նման բան չկա։ Ինչպես կարող է հանձնաժողովն ինքն իրեն բոյկոտել»,- ասաց Սուրեն էյրամջյանը։

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, նույն հանձնաժողովի անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները բոյկոտել են ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը, որտեղ պետք է քննարկվեր նոր հաստիքացուցակի նախագիծը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն էլ այս գրառման տակ գրել էր. «Ճիշտ ենք արել: Այս պահին այսքան»:

Հիշեցնենք նաեւ, որ Երևանի ավագանու արտահերթ նիստում՝ մայիսի 8-ին, նախատեսվում է ընդունել 1700 աշխատակիցների հաստիքացուցակի փոփոխության մասին որոշումը, ըստ որի՝ քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձերը գրեթե կկրկնապատկվեն, մյուսներինը՝ կբարձրանա շուրջ 30 տոկոսով: