ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը մերժել է Կոնգրեսի ստորին պալատի բյուջետային կոմիտեի հարցումը նախագահ Դոնալդ Թրամփի հարկային հայտարարագրերն ստանալու մասին՝ դրանով իսկ հող նախապատրաստելով ամերիկյան օրենսդիրների եւ Թրամփի աշխատակազմի միջեւ երկարատեւ դատական պայքարի համար, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը։
Մայիսի 6-ի նամակում Մնուչինը ասել է Ներկայացուցիչների պալատի բյուջետային կոմիտեի նախագահ Ռիչարդ Նիլին, որ չի կատարելու դեմոկրատի ապրիլի 3-ի խնդրանքը՝ հայտարարելով, որ դրանում «հիմնավորված օրենսդրական նպատակ» չկա։
Դեմոկրատները ցանկանում են ծանոթանալ նախագահի հարկային հայտարարագրերին շահերի հնարավոր կոնֆլիկտի հետաքննության շրջանակում՝ կապված այն բանի հետ, որ Թրամփը, անգամ նախագահ լինելով, սերտորեն կապված է իր ընտանիքին պատկանող բիզնեսի հետ։
Դոնալդ Թրամփը 2016-ին հրաժարվել էր հրապարակել իր հայտարարագրերը՝ խախտելով ավանդույթը, որին հետեւել են նախագահի բոլոր թեկնածուները տասնամյակներ շարունակ։ Նախագահը չի հրապարակում տեղեկատվություն հարկերի մասին՝ դա բացատրելով իր հայտարարագրերի IRS-ի իրականացրած աուդիտորական ստուգմամբ։
Դեմոկրատ Նիլը Ներկայացուցիչների պալատում միակ դեմոկրատ ներկայացուցիչն է, որն իրավունք ունի պահանջել նախագահի հարկային հայտարարագրերի մասին տեղեկատվություն ֆինանսների նախարարությունից, որի կազմի մեջ է մտնում IRS-ը։ Գործող օրենսդրության համաձայն՝ ֆինանսների նախարարությունը պարտավոր է ներկայացնել նման տեղեկատվություն Կոնգրեսի ստորին պալատի բյուջետային կոմիտեի ղեկավարի հարցապնդմամբ։




























