Հայաստանում ռուսական ավիաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովին շնորհվել է «Ռուսաստանի վաստակավոր ռազմական օդաչու» պատվավոր կոչումը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համապատասխան հրամանը ստորագրել է մայիսի 3-ին:

Ռուսական ավիաբազան տեղակայված է Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում: Օդանավերի գեղեցիկ թռիչքներն անխուսափելիորեն վայելում են մայրաքաղաքի բնակիչների հիացմունքը, չնայած արձակած աղմուկին: 

Ալեքսանդր Պետրովը ավիաբազան ղեկավարում է 2011 թվականի վերջից: Մինչ այդ եղել է Ի. Ն. Կոժեդուբի անվան ավիացիոն տեխնիկայի ցուցադրման կենտրոնի հրամանատարը, որտեղ բազավորված են բարձրագույն պիլոտաժի «Ռուսկիյե Վիտյազի» եւ «Ստրիժի» խմբերը:

«Երկու տարի ցուցադրությունների կենտրոնի հրամանատարն էի, հետո անսպասելի առաջարկվեց տեղափոխվել «Էրեբունի» ավիաբազա: Սկզբում կասկածում էի, մտածում էի՝ ինչիս է այն պետք, ես միանգամայն նորմալ հետաքրքիր աշխատանք ունեմ Մերձմոսկվայում: Մտածում էի՝ ինչիս է պետք ինչ-որ բան փոխել՝ մի լավ գործը մյուս անհայտով: Բայց ժամանակ անցավ: Եվ ես շատ կափսոսեի, եթե այն ժամանակ այստեղ գալու որոշում չընդունեի, եւ իմ կյանքում Հայաստանը չէր լինի»,- ավելի վաղ հարցազրույցում նշել էր Ալեքսանդր Պետրովը: