Հայ Յեղափոխական Դաշնակցության Արաբկիրի «Կոմիտաս» կոմիտեն իր խորը մտահոգությունն է հայտնում Արաբկիրի թաղապետարանում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Որոշ ժամանակ է՝ ականջալուր էինք թաղապետարանի անձնակազմի հանդեպ թաղապետ պարոն Արամ Դանիելյանի ոչ-կոռեկտ վերաբերմունքի մասին։ Սակայն չէինք հրապարակայնացնում՝ այն չքաղաքականացնելու համար։ Աշխատակիցների վրդովմունքին ականջալուր չեղավ նաեւ Երեւանի քաղաքապետարանը:
Երեկ պալարը պայթեց. Արաբկիրի թաղապետարանի շուրջ 90 աշխատակիցների ստորագրությամբ թաղապետի դեմ բողոքի գրություն կազմվեց ու հանձնվեց Երեւանի քաղաքապետարան։
Յուրաքանչյուր աշխատակից՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից, սեռից, կրոնական թե քաղաքական հայացքներից ունի պարտավորություններ, սակայն ՀՀ օրենսդրությամբ ու մարդկային փոխհարաբերության հիմնական հասկացություններով սահմանված ունի նաեւ իրավունքներ:
Գործատերն ու բարձրաստիճան պաշտոնյան նախ եւ առաջ պարտավոր են հարգել իրենց աշխատակիցների իրավունքները, այնուհետեւ աշխատավորներից պահանջել լիովին գործադրել իրենց պարտավորությունները։
Ընդունելի չէ՝ ուղղակի թե անուղղակի միջոցներով մարդկանց ազատել իրենց աշխատանքից կամ, շահագործելով աշխատանքը կորցնելու վախը, փորձել նրանց հպատակեցնել։
Արձանագրելով, որ Արաբկիրի թաղապետի նշանակումը ՀՀ իշխանությունների կադրային ձախող քաղաքականության եւս մեկ դրսեւում է, Հայ Յեղափոխական Դաշնակցության Արաբկիրի «Կոմիտաս» կոմիտեն հայտարարում է` պատրաստակամ է հանուն համայնքի բարորության, թաղապետարանի հետ գործակցել, վերականգնելու փոխադարձ վստահությունը թաղապետի, թաղապետարանի անձնակազմի ու համայնքի բնակչության միջեւ»:
Ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ Արաբկիրի թաղապետարանում խժդժությունները սկսվել են Դանիելյանի՝ կամայական, անհավասար պարգևատրումների պատճառով: «Աշխատակիցները ստորագրահավաք էին սկսել թաղապետի հրաժարականի պահանջով։ Վարչական շրջանից վստահեցրել էին, թե Ա.Դանիելյանն ուզում էր, որ աշխատանքի «մոտիվացիա լինի, այսինքն՝ մարդիկ տեսնեին, որ լավ աշխատողը ստացել է 100 կամ 70 տոկոս պարգևավճար, իսկ ովքեր ինչ-ինչ թերացումներ են ունեցել և աչքի չեն ընկել՝ ստացել են 30 կամ 50 տոկոս»,-հաղորդել էր կայքը:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի դեմ բունտ է հասունանում. Արդեն ներքին որոշում կա



























