Ադրբեջանն Արցախի դեմ հիբրիդային պատերազմ է վարում։ Այս մասին ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ ելույթ ունենալով Ստեփանակերտում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովում։ Համաժողովի նախաձեռնողն է ՀՅԴ-ն։
Նրա խոսքով՝ սխալ ձեւակերպումները խեղաթյուրում են հակամարտության կերպարը։ «Մենք մշտապես ասում ենք, որ հակամարտությունն սկսվել է 1988 թվականին եւ դա անգամ արտացոլված է փաստաթղթերում։ Բայց հակամարտությունն ավելի քան 100 տարվա պատմություն ունի։ Ասել 30 տարի եւ 100 տարի՝ դրանից հակամարտության կերպարը փոխվում է»,- ասել է Մանասյանը։
Սխալ տերմինաբանության մեջ նա նշել է տարածքները։ «Հայտարարում են ազատագրված տարածքների մասին Արցախից դուրս։ Բայց բավական է նայել քարտեզին եւ համոզվել, որ նման տերմինաբանությունը արդյունք է Ղարաբաղը ԼՂԻՄ-ի հետ նույնացնելու Ադրբեջանի փորձերի։ Դա նրան հաջողվել է»,- նկատել է քաղաքագետը։
«Արցախի մասնակցությունը. համատարած է կարծիքը, որ Բաքուն նրան դուրս է բերել բանակցություններից։ Բայց ԵԱՀԿ-ն որեւէ որոշում չի կայացրել այս հաշվով, համանախագահներն այցելում են Արցախ, եւ այս մաքոքային դիվանագիտությունը վկայում է այն մասին, որ Արցախը դուրս չի բերվել բանակցություններից։ Ինչո՞ւ ենք մենք կրկնում Բաքվին շահավետ բաներ։ Այդ Արցախը պետք է հայտարարի, որ չի խոսի Բաքվի հետ, մինչեւ որ նա չճանաչի Ադրբեջանի հայ բնակչության ցեղասպանությունը»,- կարծում է Մանասյանը։
Նրա խոսքով՝ Բաքուն շարունակում է հիբրիդային պատերազմը՝ օգտագործելով տեղեկատվական եւ տնտեսական միջոցներ։ Ֆորմալ ստացվում է, որ պահպանվել է ուժի չկիրառման սկզբունքը։




























