Հայաստանի արտգործնախարարությունն առայժմ չի նախատեսում տարհանել ՀՀ  քաղաքացիներին Ճապոնիայից, որտեղ մարտի 11-ին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով` Հայաստանի քաղաքացիները գտնվում են Տոկիոյում` աղետի գոտուց բավականին հեռու:  Հիշեցնենք, որ վերջին տվյալներով Ճապոնիայում Հայաստանի մոտ 30 քաղաքացի է գտնվում:

Վերջին տարիների ուժեղագույն երկրաշարժերից մեկը տեղի է ունեցել Միյագի նահանգի ափի մոտ` Տոկիոյից 373 կիլոմետր հյուսիս-արեւելք: Ուժգնությունը կազմել է 8,9 մագնիտուդ: Երկրաշարժն առաջացրել է ուժեղ ցունամի, մի շարք շրջաններում ալիքի բարձրությունը գերազանցել է 10 մետրը: Ավելի քան  հազար մարդ զոհվել են եւ անհայտ կորել: