NEWS.am-ի աղբյուրները հայտնում են, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող  շուրջ 70 դատապարտյալներ հացադուլ են սկսել: Վերջիններս բողոքում են իրենց իրավունքների խախտումների, մասնավորապես, դիմումներին ընթացք չտալու, հանձնուկների դիմաց վճարվող գումարների բարձրացման դեմ: Դատապարտյալները բողոքում են նաեւ, որ իրենց թույլ չի տրվում  փակ ռեժիմից բաց ռեժիմ տեղափոխվելու, ինչպես նաեւ կարճատեւ արձակուրդի իրավունքից օգտվել: Բողոքի ծայրահեղ միջոցին դիմելու իրենց մտադրության մասին են հայտնել նաեւ «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալները:  

ՔԿՀ վարչության մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ՔԿՀ վարչությունը նման որեւէ դիմում որեւէ դատապարտյալից չի ստացել:

Նշենք, որ ավելի քան հարյուր դատապարտյալներ օրերս նամակ են ուղարկել արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ հիշեցրել 45 օր առաջ նրա այցելության ժամանակ քննարկված հարցերը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երեկ` մարտի 11-ին հայտարարել էր, թե քաջատեղյակ է նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներին եւ քայլեր է կատարում դրանց լուծման ուղղությամբ: