Պորտուգալիայից գիտնականները գտել են այդ երկրի առափնյա շրջաններում տեղի ունեցող տարօրինակ երեւույթների բացատրությունը եւ զգուշացրել են երկրակեղեւի ճեղքվածքի սպառնալիքի մասին։

Հետազոտության արդյունքները դեռեւս գիտական ամսագրերում չեն հրապարակվել։ Սակայն ինչպես հայտնում է National Geographic-ը, Լիսաբոնի համալսարանից ծովային երկրաբան Ժուան Դուարտեն այդ մասին զեկույց է ներկայացրել Երկրագիտությունների եվրոպական միության նիստում։

Աշխատանքը հիմնվում է հզոր երկրաշարժի տվյալների ուսումնասիրության վրա, որը տեղի է ունեցել 1969թ․։ Այն ցունամի է առաջացրել, որը, բարեբախտաբար, զոհերի չի հանգեցրել՝ հայտնում է RG-ը։

Դուարտեն եւ նրա թիմը ուշադրություն են դարձրել նրան, որ հենց նույն տեղում ավելի ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել 1755թ․։ Այն պատմությանը հայտնի է Լիսաբոնյան մեծ երկրաշարժ անունով, քանի որ համարյա ամբողջովին ոչնչացրել է քաղաքը եւ 100 000 զոհերի պատճառ դարձել։

Երկրաբանները ներկայացրել են կեսդարյա վաղեմության իրադարձությունների բացատրությունը։ նրանց կարծիքով, Պորտուգալիայի առափնյա շրջանում լիտոսֆերային սալիկը բառացիորեն շերտավորվում է՝ նրա ստորին մասը հեռանում է վերին մասից։

Բնության այս ֆենոմենը դեռեւս ոչ մի անգամ չի դիտարկվել մարդու կողմից։ Այն համարվում է հիպոթետիկ։ Իր հիպոթեզը ստուգելու համար Դուարտեի թիմը, հիմնվելով 1969թ․ սեյսմոլոգիական տվյալների վրա, մոդելավորել է սալիկի ճեղքման պայմանները։

Եթե եզրակացությունները հաստատվեն, նոր աշխատանքը առաջին ապացույցը կլինի այն բանի, որ օվկիանոսային սալիկը գտնվում է ճեղքման գործընթացի մեջ։ Իմիջիայլոց, դա կարող է հանգեցնել Ատլանտյան օվկիանոսի ծավալի նվազմանը։