Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լեհաստանում նացիստական համակենտրոնացման ճամբարի տեղում ստեղծված Աուշվից-Բիրկենաու թանգարանը վրդովվել է այն բանից, որ ամերիկյան կայքում ճամբարից լուսանկարներով մինի-կիսաշրջազգեստներ եւ բարձեր են վաճառվում՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ամերիկյան Redbubble կայքում, օրինակ, առաջարկվել է գնել դիակիզարանի պատկերով կարճ կիսաշրջազգեստ կամ Օսվենցիմ նոր գերիներ բերելու ճանապարհի երկաթգծի կայարանի պատկերով բարձ։

«Դուք իրոք կարծում եք, որ մարդկային սարսափելի ողբերգության վայր հանդիսացող Օսվենցիմից լուսանկարներով կիսաշրջազգեսներ, բարձեր, պայուսակներ վաճառելը թույլատրելի՞ է։ Դա ավելի շուտ տագնապալի եւ անհարգալից է»,- Twitter-ի պաշտոնական էջում գրել են թանգարանի աշխատակիցները։

Redbubble-ը նույնպես Twitter-ում գրել է, որ անկախ օգտատերերը կարող են առաջարկել ապրանքներ իրենց նկարներով։ Սակայն ընկերությունը համաձայնել է, որ նման ապրանքներ չպետք է լինեն իրենց էջերում եւ խոստացել է անմիջապես հեռացնել դրանք։

Լեհական կողմի վրդովմունքն առաջացրած ապրանքների մեծ մասն իրոք հանվել է կայքից, սակայն լեհերը իրենց հաղորդագրության մեջ նշել են շապիկի մասին, որի վրա գրված է եղել․ «դոկտոր Հոլոքոստն ուզում է, որ դու մորուք ունենաս»։

Մոտ 1,4 միլիոն մարդ, որից 1,1 միլիոնը հրեաներ, զոհվել են Օսվենցիմում 1941-1945թթ․։ Ճամբարն ազատագրվել է 1945թ․ հունվարի 27-ին՝ Կարմիր բանակի կողմից։ 1947թ․ նախկին համակենտրոնացման ճամբարի տեղում ստեղծվել է թանգարան, որը 1979թ․ ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ 2005-ից Աուշվիցի ազատագրման օրը նշվում է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի օր։