Սթոունհենջի կտորը 60 տարի հետո իր տեղն է վերադարձվել այն բանից հետո, երբ տարել էին պեղումների ժամանակ: Վերջին անգամ այն գտնվել է ԱՄՆ-ում:
Խորհրդավոր կառույցի ոչ մեծ կտորը վերադարձրել է 89-ամյա անգլիացի Ռոբերտ Ֆիլիփսը, որը մասնակցել է պեղումներին, փոխանցում է BBC-ն:
Հնագետները 1958 թվականին զբաղված էին մեգալիթյան հուշարձանի մեջ մտնող երկու ուղղահայաց եւ երկու հորիզոնական քարերի բարձրացմամբ: Աշխատանքների ժամանակ հորիզոնական քարերի մեջ ճեղքեր են հայտնաբերվել: Դրանք ամրացնելու համար քարերը շաղափել են եւ դրանց մեջ մետաղական ձողեր դրել: Աշխատանքը քողարկել են պեղումների ժամանակ հայտնաբերված ավազասեզերից ոչ մեծ կտորներով:
Շաղափելիս աշխատողները հանել էին 3 մեկմետրանոց քարե ձողեր, որոնցից մեկը վերցրել էր Ֆիլիփսը, որն այդ ժամանակ աշխատում էր Van Moppes ընկերությունում: Այն զբաղվում էր ալմաստի երեսակմամբ եւ օգնում էր ամրացնել կառույցի վիթխարի քարերը:
Մինչեւ հիմա այս քարի կտորի գտնվելու վայրը հայտնի չէր:
Ֆիլիփսը, որը հիմա թոշակառու է եւ ապրում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, 60 տարի շարունակ իր մոտ էր պահել Սթոունհենջի կտորը: Այն նախ դրված էր եղել պլաստիկե խողովակի մեջ, իսկ հետ կախված էր ԱՄՆ-ում նրա տան պատին:
Պատմական շենքերի եւ հուշարձանների բրիտանական պետական հանձնաժողովը՝ English Heritage-ը, որը Սթոունհենջի կառավարիչն է, հույս ունի, որ այս նմուշը կօգնի պարզել խորհրդավոր կառույցի քարերի ծագումը:
Հնագետները անալիզի կենթարկեն ձողի քիմիական բաղադրությունը:





























