Դալայ Լաման բացատրել է ռուս բուդդիստներին՝ ինչպես աշխարհը դարձնել ավելի լավը,լուծել հակամարտությունները, կրճատել աղքատների եւ հարուստների միջեւ ջրբաժանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստտի-ն:

«Այսօր աշխարհում կատարվում են բազմաթիվ հանցագործություններ, ավելի շատ են հակամարտությունները, որոնք խլում են կյանքեր: Մեծանում է հարուստների եւ աղքատների միջեւ ջրբաժանը: Եւ այդ ամենը սիրո եւ կարեկցանքի պակասի հետեւանք է: Ահիմսան՝ բռնության բացակայությունը, ահա այն, ինչը մեծապես կարեւոր է ժամանակակից աշխարհի համար: Միայն սերը, կարեկցանքն ու բռնության բացակայությունը կդարձնեն այս աշխարհն ավելի լավը»,-ասել է Դալայ Լաման ռուսների դասընթացների ընթացքում, որը նա անցկացրել է Հնդկաստանի հյուսիսում գտնվող իր առանձնատանը:

Բուդդիստների՝ համաշխարհային ճանաչում ունեցող հոգեւոր առաջնորդի խոսքով՝ սերը եւ կարեկցանքի զարգացման ուղիներն ունեն խորը արմատներ եւ ամբողջովին շարադրված են հնագույն բուդդիստական փիլիսոփաների աշխատություններում, ինչպիսին էր  IV դարում ապրող Ասանգան: Բացի այդ, Դալայ Լաման խորհուրդ է տալիս ուսումնասիրել Նալանդա հին հնդկական բուդդիստական համալսարանի բոլոր ակնառու գիտնականների ստեղծագործությունները: «Նալանդայի ուսուցիչները հետազոտությունների եւ նկարագրությունների շնորհիվ մենք կարող ենք կառավարել մեր միտքը, որը ենթարկված է «ես»-ին եւ ուժեղ բացասական հույզերին: Եւ այստեղ խոսքը վերաբերում է Բուդդայի հոգեբանական ասպեկտին եւ փիլիսոփայական հայացքներին: Աշխարհի համար օգտակար կլիներ, որ այն ամենն, ինչ ասվում է Նալանդայի մտածողների աշխատություններում, դառնար ակադեմիական հետազոտությունների առարկա»,-ամփոփել է Դալայ-Լաման: