Գրողների միության դահլիճում մարտի 13-ին կայացել է Նախիջեւանից եւ Արեւմտյան Մերձկասպիայից (Ադրբեջան) հայ փախստականների համագումարի առաջին լիագումար նիստը: Հիշեցնենք, որ համագումարի մեկնարկը տրվել էր դեռեւս փետրվարի 28-ին, երբ ադրբեջանահայ փախստականների լիազոր ներկայացուցիչները Ցեղասպանության հուշահամալիրում հարգանքի տուրք էին մատուցել Ադրբեջանի տարածքում 1988-1994 թթ. հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, եւ հետո Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի դահլիճում մեկնարկեց ադրբեջանահայ փախստականների լիազոր ներկայացուցիչների համագումարի անդրանիկ նիստը` նվիրված Սումգայիթում հայկական ջարդերի 23-րդ տարելիցին:

Համագումարի առաջին լիագումար նիստին մասնակցել են ՀՀ տարբեր մարզերում բնակվող Ադրբեջանից հայ փախստականների 174 լիազոր ներկայացուցիչ պատվիրակներ, հրավիրյալ ՀՀ քաղաքական, հասարակական գործիչներ,  քաղաքագետներ, անվանի գիտնականներ եւ մշակութային գործիչներ:

Համագումարի աշխատանքների մեկնարկը տրվել է Արարատյան թեմի Քանաքեռի ս. Հակոբ եկեղեցու քահանա Տեր Սահակի կողմից Տերունական աղոթքով: Տեր Սահակը այն քահանան է, ով 1988թ. Գանձակում (Կիրովաբադ) հայերի դեմ կազմակերպվող ջարդերի հենց սկզբում հանձն էր առել հայերի ինքնապաշտպանական կոմիտեի ստեղծումը, իր շուրջը միավորելով ու համախմբելով Գանձակի ողջ հայությանը, այդ կերպ փրկելով բազմաթիվ հայերի կյանքեր:

Համագումարի ընթացքում զեկուցումներով հանդես են եկել ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Լարիսա Ալավերդյանը եւ Ստյոպա Սաֆարյանը, ադրբեջանահայ փախստականների ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամ Ռ. Գյուլբանդյանը, քաղաքագետ, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, պրն. Ալեքսանդր Մանասյանը: