Մայիսի 13-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կալանավորված անձ Ժ. Մ.-ին այցելության եկած ընկերոջ մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով։
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացված չնախատեսված խուզարկությունների արդյունքում խցերից մեկի պահարանից հայտնաբերվել է 1 բջջային հեռախոս։ Մեկ այլ խցի խուզարկությամբ դատապարտյալի մոտից հայտնաբերվել են 1 բջջային հեռախոս եւ 1 տուփ գործարանային արտադրության խաղաքարտ։
Իսկ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում Քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից իրականացրած անակնկալ խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են 4 բջջային հեռախոս, 5 բաժանորդային քարտ, 5 լիցքավորիչ, 1 wi-fi սարք, 2 ականջակալ, 1 ինքնաշեն դանակ եւ ինքնաշեն պարանով կապի միջոց։
Մայիսի 8-ին եւ 10-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկության արդյունքում խցերից մեկի պահարանում հայտնաբերել են 1 բջջային հեռախոս, եւս 1 բջջային հեռախոս հայտնաբերվել էր դատապարտյալ Վ. Ն.-ի ձախ գրպանից:
Հայտնաբերվածներն առգրավվել են, նախապատրաստվում են նյութեր:






























