Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպմանը շատ կարեւոր բան կատարվեց. այդ օրը բանակցող կողմերն առաջին անգամ համաձայնեցին ընդունել հակամարտության բոլոր սկզբունքները։ Մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը։
«Բայց եթե սկզբունքները ի սկզբանե իրարամերժ են, ինչպե՞ս է կարգավորվելու հակամարտությունը։ Ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները միմյանց հետ անհամատեղելի են։ Այդ երկու սկզբունքները, առանց որեւէ ուժի թելադրման, ոչ մի անգամ չեն կարող համադրվել։ Այնպես որ, խաղաղ ճանապարհով այդ սկզբունքները չեն կարող կիրառվել։ Բայց եթե իրադարձություներին նայենք երկու սկզբունքների համատեղ կիրառման տեսանկյունից, ստացվում է ,որ Ադրբեջանի համար բավական լուրջ կացություն է ստեղծվում։ Դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում եւ ու ունենա ամենալայն ինքնավարություն։ Երկու սկզբունքների համատեղ կիրառության այլ ճանապարհ գոյություն չունի»,- նկատեց Կարապետյանը։
Նրա խոսքով, եթե անգամ ԼՂՀ-ում հանրաքվե անցկացվի, դա, առավելագույնը, կարող է հիմք դառնալ կոնֆեդերատիվ տիպի պետության ստեղծման։
«Սա այն խնդիրն է, որ կանգնելու է մեր առջեւ։ Սակայն Սերժ Սարգսյանը եւ Հայաստանի իշխող վարչախումբը կարծում են, որ այս խնդիրը մեր առջեւ կծառանա 10-15 տարի հետո»,- տեսակետ հայտնեց ՆԺԿ ղեկավարը։
Արամ Կարապետյանը նաեւ նշեց, որ Ադրբեջանի համար այլեւս առաջնային խնդիր չէ հողերի վերադարձի հարցը։ «Եթե ԱՄՆ-ն եւ Իսրայելն Իրանի նկատմամբ որոշակի գործողություններ պիտի կատարեն, ապա Ադրբեջանն այս պարագայում չի ցանկանա թշնամանալ Իրանի հետ։ Եթե նա վերցնի այդ հողերը, ապա այդ ամենը պետք է թույլ տա կատարել իր հանրապետության տարածքից՝ իսկ հողերի պահանջը երկրորդ պլան մղելով՝ նա այդ ամենը թողնում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի տնօրինությանը։ Սա դավադիր խաղ է, որը զգում է նաեւ Սերժ Սարգսյանը։ Հայաստանյան իշխանություններն էլ զգում են, որ այստեղ ինչ-որ բան այն չէ»,- կարծիք հայտնեց Կարապետյանը։
Նշենք, որ Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպումը Սոչիում տեղի էր ունեցել մարտի 5-ին։ Հանդիպման ավարտին նախագահները համատեղ հայտարարություն էին ընդունել։





























