ԵԱՀԿ գնահատող առաքելության հաշվետվությունը` ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ ներկայացվել է ադրբեջանական կողմին։ Այս մասին Բաքվում մարտի 15-ին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն։
«ԵԱՀԿ Մինսկի խումբը որոշել է չհրապարակել հաշվետվությունը, քանի դեռ բոլոր կողմերը չեն ծանոթացել դրա բովանդակությանը։ Առայժմ զեկույցը ներկայացված է միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ով պետք է ծանոթանա հաշվետվությանը, ինչպես եւ մյուս կողմը, ինչից հետո համանախագահները եւ հակամարտող կողմերը այն կքննարկեն հաջորդ հանդիպման ժամանակ»,- ասել է Ֆասյեն։
«Մենք միշտ խոսել ենք հակամարտության գոտում հարդադարի ռեժիմի ամրապնդման մասին: Արդեն երկու տարի համանախագահները պնդում են շփման գծից դիպուկահարներին ետ քաշելու անհրաժեշտությունը: Եթե այդ խնդրանքը կատարվեր, միջադեպեր չէին լինի»,- ասել է համանախագահը:





























