Այսօրվա դրությամբ, Թուրքիայի հայ համայնքը գործնականում գլխատված է, քանի որ նրա ղեկավարը` Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը մահացու հիվանդ է: Այդ մասին Երեւանում «Հայոց Ցեղասպանության գիտակցման կառուցումը Թուրքիայում» միջազգային խորհրդաժողովում հայտարարել է Երեւանի պետհամալսարանի արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Թուրքիայի իշխանությունները մշտապես միջամտում են հայ համայնքի գործերին` խախտելով հայերի սահմանադրական իրավունքները»,- նկատել է Մելքոնյանը` միաժամանակ քննադատելով Մութաֆյանի քաղաքականությունը, երբ վերջինս Ցեղասպանության հարցով արտահայտություններ էր անում, որոնք հարիր չեն իր հոգեւոր աստիճանին:

Մելքոնյանի խոսքով, Թուրքիայի ներկայացուցիչները քարոզչական հայտարարություններ են անում` թվելով երկրում կատարված փոփոխությունները, բայց չեն նշում, որ այդ փոփոխություններըվերաբերել են թուրքական հասարակության փոքր մասին: