Ադրբեջանում չեն կարողանում հասկանալ՝ Հաջի Մուրադի մասունքները դուրս ե՞ն բերվել, եւ եթե այո, ապա օրինականորե՞ն, թե՞ ոչ:

haqqin.az-ը հայտնում է, որ Կախի շրջանի իրավապահ մարմինները Հաջի Մուրադի մասունքների անհետացման փաստով քննություն են սկսել: Միլի մեջլիսի պատգամավոր Ազեր Քերիմլիի խոսքով՝ ինքն անձամբ հիմա շրջանում է եւ կարող է հաստատել, որ Հաջի Մուրադի գերեզմանոցի մի մասը քանդված է: «Այս պահին մենք չենք կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել Հաջի Մուրադի մասունքների անհետացման փաստը, քանի որ շիրմաքարը տեղում է եւ ամբողջական: Այստեղ աշխատում է քննչական խումբը, այսօր շրջան պետք է ժամանեն նաեւ Բաքվի իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Ամեն դեպքում պետք է ստեղծվի պետական հանձնաժողով այս բոլոր փաստերի ստուգման համար: Իհարկե, եթե հաստատվի, որ մեծն Հաջի Մուրադի մասունքները երկրից դուրս են բերվել, այս գործում բոլոր մեղավորները պետք է պատժվեն»,- ասել է պատգամավորը:

Հաջի Մուրադի՝ Շամիլի իմամության նաիբի ենթադրյալ մասունքները Ադրբեջանից դուրս են բերվել եւ վերաթաղվել հունիսի 2-ին, նրա հայրենիքում՝ Դաղստանի Խունզախի շրջանում: