Չինաստանը հունիսի 2-ին «Սպիտակ գրքում» հրապարակած ԱՄՆ-ի հետ առեւտրային բանակցությունների պատմությունը խեղաթյուրում է, նշված է երեքշաբթի տարածված ԱՄՆ առեւտրային ներկայացուցչի եւ ֆինանսների նախարարության համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մասնավորապես՝ այնտեղ նշված է, որ ԱՄՆ-ն է կրում առեւտրային բանակցությունների անհաջողությունների ամբողջ պատասխանատվությունը, քանի որ հենց Վաշինգտոնն է նահանջում մեծ դժվարությամբ ձեռք բերված պայմանավորվածություններից:

«Միացյալ Նահանգներն ափսոսում է, որ երեկ հրապարակված «Սպիտակ գրքում» եւ վերջին հրապարակային հայտարարություններում չինացիները գնացին մեղքը բարդելու ճանապարհով՝ խեղաթյուրելով 2 երկրների միջեւ առեւտրային բանակցությունների բնույթը եւ պատմությունը»,- նշված է փաստաթղթում:

«Սպիտակ գրքում» նշված է, որ ԱՄՆ-ն հրահրել է առեւտրային տարաձայնություններ, եւ Չինաստանին ոչինչ չէր մնում, քան պատասխան միջոցներ ընդունելը:

Այս կապակցությամբ ամերիկյան կողմը շարադրում է հարցի զարգացման իր տեսլականը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործողություններ է ձեռնարկում՝ կապված «առեւտրում Չինաստանի անազնիվ գործողությունների հետ, որը նա կատարել է տասնամյակներ շարունակ», ինչը հանգեցրել է հօգուտ Չինաստանի առեւտրային անհավասարակշռության: Միայն 2018 թվականին շեղումը կազմել է 420 մլրդ դոլար:

Ամերիկա-չինական առեւտրային բանակցությունների վերջին ռաունդն անարդյունք ավարտվել էր մայիսի կեսին՝ չինական ապրանքների համար ամերիկյան մաքսատուրքերի հերթական բարձրացման ֆոնին: ԱՄՆ-ն մոտ 200 մլրդ դոլար գումարով չինական ներմուծման մաքսատուրքերը 10 տոկոսից բարձրացրել էր մինչեւ 25 տոկոս:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաեւ հանձնարարել էր սկսել Չինաստանից մնացյալ ամբողջ ներմուծման մաաքսատուրքերի բարձրացման գործընթացը, որը գնահատվում է 300 մլրդ դոլար: Ի պատասխան՝ Պեկինը հունիսի 1-ից բարձրացրել էր ԱՄՆ-ից 60 մլրդ դոլար ծավալով ապրանքների ներմուծման մաքսատուրքերը: