Գործազրկության մակարդակը Գյումրիում նվազել է, ինչի մասին փաստում են Գյումրիի զբաղվածության մարզային կենտրոնի տվյալները:
Զբաղվածության կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը սա ինչ որ չափով պայմանավորում է նաեւ արտագաղթի գործոնով:
«Վերջին շրջանում նկատվում է այդ միտումը, գալիս են, դուրս գրվում գործազուրկների ցուցակներից ու գնում, ավելացել է նաեւ արտագնա աշխատանքի մեկնել կամեցող կանանց թիվը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ա. Ադամյանը:
Կենտրոնը հատուկ բուկլետներ է բաժանում այն քաղաքացիներն, ովքեր տեղեկացնում են, որ մեկնելու են արտերկիր: Իսկ «Միգրացիոն հոսքերը վերահսկող երաշխիք քաղաքացիական հասարակության կենտրոն»-ից փաստում են, որ ավելի շատ գնում են զբաղվածները, քան՝ գործազուրկները: «Մարդիկ թողնում են աշխատանքն ու հեռանում, իսկ գործազուրկները զբաղեցնում են այդ աշխատատեղերը, ինչն էլ նպաստում է գործազրկության մակարդակի անկմանը: Հետ վերադարձողների թիվը շատ ավելի փոքր է»,- ասել է կենտրոնի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանն ու հավելել. «Հայաստանը մի քանի տարի անց ժողովրդագրական խնդիրներ կունենա: Հասարակությունը ծերանում է, երիտասարդները հեռանում, մնում են ծերերն ու երեխաները, իսկ պաշտոնական վիճակագրությունը արձանագրում է` գործազրկությունը ՀՀ-ում նվազել է»:



























