Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում Իտալիայի դեսպանություն:
Հանրապետության նախագահը տոնի կապակցությամբ շնորհավորել է Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին, դեսպանության ողջ անձնակազմին եւ ի դեմս նրանց՝ Իտալիայի բարեկամ ժողովրդին:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-իտալական մշակութային եւ պատմական առնչություններին՝ այս համատեքստում հատկապես կարեւորելով Իտալիայում Մխիթարյան միաբանության գործունեությունը:
Արմեն Սարգսյանը նշել է, որ օրերս տիկնոջ հետ այցելել էր Վենետիկի Մխիթարյան միաբանություն եւ հանդիպել միաբանության անդամների հետ: Հանրապետության նախագահն ու Իտալիայի դեսպանը համակարծիք են եղել, որ միաբանությունը Հայաստանի եւ Իտալիայի միջեւ բարեկամական, պատմական եւ մշակութային կապերի խորհրդանիշն է եւ Իտալիայում հայկական ներկայության հիանալի օրինակ:





























